Պաշտոնական Բեռլինը պարզ դարձրեց, որ Գերմանիայի, ֆրանսիայի, ՌԴ-ի եւ Թուրքիայի գագաթաժողովը, նվիրված սիրիական Իդլիբի իրավիճակին, կկայանա հոկտեմբերին:
Գագաթաժողովի այս լրատվությունը ինքնին նախանշում է, որ սիրիական հակամարտության գլխավոր հանգույցի` Իդլիբի ճակատագրի որոշումը Թեհրան-Մոսկվա առանցքից տեղափոխվում է միջազգային հարթություն, նկատի ունենալով, որ, այսպիսով` բանակցություններին կներգրավվեն Եվրոպայի ամենահզոր պետությունները եւս:
Պետք չէ շտապել նկատելու համար Վաշինգտոնի բացակայությունը: Անկարան իր կեցվածքներով` ռուսական հարձակումը զսպելու, Իդլիբի դեմ որեւէ դեպքում մարդկային աղետի մակընթացությամբ սպառնալու եւ ըստ էության ահաբեկիչ տարրերը մեկուսացնելով, նրանց պատանդի կարգավիճակում պահելով շահարկման խաղաթղթի տիրանալով, մոտենում է վաշինգտոնյան ըմբռնումներին: Բանակցային գործընթացները Վաշինգտոնի հետ համաձայնեցնելու վարքագիծը երեւում է ամեն հիմնական հանգրվանի:
Հանգրվանները պետք չէ շրջանցել: Նախ Թեհրան-Մոսկվա-Անկարա ռազմավարական համաձայնության տպավորություն թողող խմորումները, համակարգումները. հետո՝ խնամքով Թեհրանի դուրս բերումը համաձայնական ձեւաչափից, ընդգծելու համար համաձայնության երկկողմ բնույթը: Իսկ հիմա Անկարա-Մոսկվան համալրվում է Եվրամիության գլխավոր երկու ուժերով` Բեռլինով եւ Փարիզով։
Զուգահեռ՝ այն ինչ որ տեղի է ունենում ՄԱԿ-ում ցուցադրականությամբ եւ Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ հայտարարելով, շեշտում է Թեհրանի ընդհանուր մեկուսացման ուղղությամբ կիրառվող Վաշինգտոն-Թել Ավիվ միացյալ քաղաքականության դրսեւորումները:
Երեւութապես Անկարան չի միանում Վաշինգտոնի եւ Թել Ավիվի հակաիրանյան քաղաքականությանը, հայտարարելով որ ինքը չպիտի ենթարկվի պատժամիջոցների կիրառման ամերիկյան պահանջներին: Մյուս կողմից սակայն նույնանում է Վաշինգտոնի հետ Իդլիբի ճակատագրի ճշտման հարցով, խնամքով դուրս թողնելով Իրանը այս միջազգային գագաթաժողովներից, դրանով նպաստած լինելով նաեւ Իրանի նկատմամբ գործադրվող ընդհանուր մեկուսացման քաղաքականությանը:
Ռուսական խոցված օդանավը սիրիական տարածքների վրա թվում էր, որ սուր ճգնաժամ պիտի առաջացներ ռուս-իսրայելյան հարաբերությունների գծի վրա, գեթ որոշ հանգրվանի համար գերլարված իրավիճակ ստեղծելով տարածաշրջանում: Մանավանդ, որ զոհերի առումով, սիրիական պատերազմի շրջագծում, աննախադեպ թիվ էր արձանագրվել: Լարվածությունը հայտնապես վերապահվել է Վաշինգտոն (նաեւ Թել Ավիվ)- Թեհրան գծին:
Հայտարարությունները այն տպավորությունն են փոխանցում, որ Իդլիբի շուրջ նախնական ընդհանուր համաձայնությամբ համեմատական խաղաղության հաստատմանն առընթեր թեժ կետը Թեհրանն է եւ Թել Ավիվի կողմից կատարված հրապարակումներին հիման վրա նաեւ նրա լիբանանյան հենասյուները:
Սիրիայից հետո պաղեստինյան իրադարձությունները, դեպի Իրան ուղղված հռետորաբանության առաստաղի բարձրացումը, սպառնալիքները, խոսում են տարածաշրջանը եռացած վիճակում պահելու ընդհանուր քաղաքական վարքագծի մասին:
Խաղաթղթերը գերտերությունների համար առատ են` ընդհանուր տարածաշրջանում բաժանարար սահմանները վերագծելու, իրավիճակները վերաթեժացնելու եւ ընդհանրապես ռազմարդյունաբերության սպառողական շուկան ակտիվ պահելու:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր