Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր մերժեց ԲՀԿ-ի բողոք-դիմումն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանի:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի դիմումը վերաբերում էր Դանիել Իոաննիսյանին վարչական պատասխանատվության կանչելուն: ԲՀԿ-ն հակաքարոզչություն էր համարել քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը Իոաննիսյանի այն հայտարարությունը, որ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի ֆլեշմոբի շատ մասնակիցներ մասնակցել են գումարով:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց. «Ըստ դիմումատուի տեղի էր ունեցել քարոզչություն ԲՀԿ-ի դեմ, իսկ ըստ Դանիել Իոաննիսյանի՝ նշվածը եղել է բացառապես տեղեկատվության տրամադրում: Միջազգային չափանիշներից ելնելով այն սկզբունքը, ըստ որի նախընտրական քարոզարշավը պետք է լինի ազնիվ եւ արդար, չի կարող մեկնաբանվել այնքան լայն, որ բացառվի խոսքի ազատության եւ տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացումը:
ԿԸՀ-ն գտնում է, որ թեկնածուների անունների հնչեցմամբ կամ նրանց վերաբերյալ որոշակի տեղեկատվության տրամադրումը որպես նրանց օգտին կողմ կամ դեմ քարոզչության իրականացման միանշանակ ընկալում չունի: Նշվածը պայմանավորված է նախընտրական քարոզչության եզրույթի ոչ լիակատար օրենսդրական սահմանման, որն էլ հանգեցրել է թույլատրելի եւ անթույլատրելի իրավական վարքագծերի սահմանագծերի ոչ միանշանակության: ՀՀ Սահմանադրության 70 հոդվածի համաձայն, Ընտրական օրենսգրքի կարգավորումներում հստակ սահմանված չեն գործողությունները, որոնց կատարումը կարող է որակվել որպես նախընտրական քարոզչություն: Ավելին, ԿԸՀ-ն փաստում է, որ Ընտրական օրենսգրքում բավարար հստակությամբ սահմանված չեն այն սկզբունքները, որոնց կիրառումով հնարավոր կլիներ բավարար հստակությամբ որոշել նախընտրական քարոզչության եւ տեղեկատվության տրամադրման սահմանները:
Քանի որ այս դեպքում անհնար է ձեւավորել միատեսակ մոտեցում եւ գնահատական, որ Իոաննիսյանի խոսքը քարոզչություն է, թե տեղեկատվության տրամադրում, ԿԸՀ-ն գտնում է, որ Վարչական դատավարության օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան Վարչական դատարան հայցադիմում ներկայացվել չի կարող:
ԿԸՀ-ն հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նման պայմաններում դիմումատուն ունի նաեւ հայցադիմում ներկայացնելու իրավունք անկախ ԿԸՀ-ի կողմից համապատասխան արձանագրություն կազմված լինել-չլինելու, գտնում է, որ նշված իրավական որոշմամբ պայմանավորված չի ոտնահարվում դիմումատուի արդար դատաքննության իրավունքը»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանն ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապօրինի որոշում կայացրեց. «Գումար բաժանելու մասին հայտարարությունները բացասական է անդրադարձել ԲՀԿ-ի վարկանիշի վրա, և կարևոր չէ, որ դրանից հետո կարող է բացահայտվել՝ ճի՞շտ էր, թե՞ սխալ, այսինքն՝ դա ապատեղեկատվություն է, որն ուղղված էր մեր դեմ, դա հակաքարոզչություն էր»:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց ԲՀԿ-ի դիմումը, քանի որ Ընտրական օրենսգրքում քարոզչության սահմանում չկա, հետեւաբար իրենք չեն կարող որոշել՝ տեղի է ունեցել քարոզչություն եւ դիմումը մերժեց ու առաջարկեց, որ եթե դիմումատուն ցանկանում է, կարող է դիմել Վարչական դատարան»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Նա նաեւ հավելեց. «Ես մի քիչ զարմացած եմ, որ ԲՀԿ-ն նախընտրեց դիմում ներկայացնել ԿԸՀ, ոչ թե ուղիղ գնալ դատարան, որի իրավունքը ուներ եւ դա ավելի էֆեկտիվ պաշտպանության մեխանիզմ է: Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարում էր, որ դատարան են գնալու եւ մի քիչ զարմացած ենք, որ գնացին այս մեթոդին: Ես շարունակում եմ պնդել, որ որեւէ քարոզչության կամ հակաքարոզչության նպատակ չի եղել , հնչել են նաեւ այլ անուններ: Արդեն հրապարակվել է ձայնագրությունը, բոլորը կարող են ծանոթանալ եւ գնահատել, թե որքանով էր մեր ներկայացրած փաստերն իրական»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ