Այսօր «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի աշխատանքն սկսվելուց առաջ Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, «Մինչեւ այժմ գործող կուսակցությունները նախկին ռեժիմի հետ համագործակցելով կամ նրա ռեժիմի ճնշման տակ անէանալու ճանապարհին փորձել են քաղաքականությանը նմանվող գործունեությամբ զբաղվել:
Հիմա նոր մեր ժողովրդի ընդվզումից ու ռեժիմի հեռացումից հետո է հնարավոր քաղաքական գործունեություն: Այդ պատճառով է, որ մենք հիմա ենք կուսակցություն ստեղծում եւ ոչ թե այն ժամանակ: Մենք պետք է փոխենք մտածողությունը, վերաստանձնենք մեր առաքելությունը, վերատիրանանք մեր հայրենիքին եւ այդ ճանապարհին մերժենք այսպես կոչված Երրորդ Հանրապետությունը, նրա քաղաքական հայեցակարգը, որն ըստ էության սպասարկում էր 1920/1921 թվականների ռուս-թուրքական զավթիչ գործողությունների հետեւանքով ձեւավորված տարածաշրջանային ճարտարապետությունը:
Այդ ամենը պետք է մաքրվի մեր երկրից: Մենք պետք է ստեղծենք նոր հանրապետություն, որը հետամուտ է մեր ազգային առաքելությանը, որը հայրենիքին վերատիրանալու նպատակ է հետապնդելու՝ համախմբելով մեր ժողովրդին, մեծ հայրենադարձություն կազմակերպելով, մեր ժողովրդի հսկայական ներուժը հավաքելով եւ, բնականաբար, հիմնվելով Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա: Չկա երկրորդ Հանրապետություն, ուստի չի կարող լինել երրորդը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ