Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ քաղաքական գործընթաց չպետք է լինի ինքնանպատակ կամ ինչ-որ մեկի անձնական ցանկությամբ. Իվետա Տոնոյան

Սեպտեմբեր 29,2018 16:44

Aravot.am-ի զրուցակիցն է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը

-Վերջին օրերին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված, ԲՀԿ-ի հռետորաբանությունը կարծես թե որոշակիորեն կոշտացել է: «Ծառուկյան» խմբակցության որոշ պատգամավորներ հստակ դեմ են արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ:

-Նախ, եկեք հստակեցնենք մի հանգամանք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակահարմարության կամ ոչ նպատակահարմարության վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել: Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած քննարկումների ձևաչափին: Բազմաթիվ հարցականներ իրենց պատասխանները պետք է ստանան հենց այս քննարկումների արդյունքում: Ինչ վերաբերվում է ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հետ կապված հարցին, ապա ուզում եմ նշել, որ որևէ քաղաքական գործընթաց մեր երկրում, այն էլ Նոր Հայաստանի իրողության պայմաններում, չպետք է լինի պարզապես ինքնանպատակ:

Սա այն դեպքը չէ, երբ պետք է առաջնորդվել առանձին մարդկանց ցանկություններով ու անձնական ամբիցիաներով, կամ առանձին ուժերի քաղաքական նպատակահարմարությամբ: Բոլորի համար էլ պարզ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ենթադրում է երկարատև կազմակերպչական աշխատանք, համակարգված գործիքակազմ: Չի կարելի պարզապես ափալ-թափալ որոշել ու անցկացնել համապետական ընտրություն:

Այս շտապողականությունը որևէ լավ բանի չի հանգեցնելու: Առավել քան ակնհայտ է, որ ընդամենը մի քանի ամիս տարբերությամբ երկու խոշորագույն ընտրությունների կազմակերպումը ինչպիսի ռեսուրսների օգտագործում է ենթադրում և այսօր, երբ դեռ քաղաքական ուժերը ուշքի չեն եկել Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքներից՝ արագացված ռեժիմով անցում կատարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ կարծում եմ բազմաթիվ խնդիրներ է առաջ քաշելու: Բոլոր քաղաքական ուժերը պետք է հավասար մրցակցային պայմաններ ունենան վերադասավորվելու և ընտրություններին մասնակցելու:

– Բայց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նաեւ հանրային պահանջ կա:

– Ոչ ոք իհարկե չի քննարկում ժողովրդի կողմից բարձրացված հանրային պահանջի առկայությունը, եթե այդպիսին իհարկե լինի, թե օր առաջ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Բայց մի՞թե մենք այժմ պատրաստ ենք այդ ընտրությունների անցկացմանը: Մի՞թե արդեն ընդունվեց նոր Ընտրական օրենսգիրքը, մի՞թե արդեն իսկ լուծվեցին ընտրությունների անցկացման ընթացքում ի հայտ եկող բազմաթիվ խնդիրները, մի՞թե մենք արդեն ունենք մատնահետքերի ճանաչման միասնական համակարգ, մի՞թե ցուցակներից արդեն անհետացան մահացած քաղաքացիների անունները: Սրանք հարցեր ու խնդիրներ են, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ այս խնդիրների լուծման անհրաժեշտությունը նաև ֆիքսված է կառավարության ծրագրում:

Այս ամենից զատ, Հայաստանը նաև Եվրոպայի խորհրդի անդամ է և մենք ունենք ստանձնած պարտավորություններ և պարզապես չենք կարող անտեսել Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն այն մասին, որ ընտրությունները կարող են անցկացվել նոր Ընտրական օրենսգրքի հաստատումից ոչ շուտ՝ քան 7 ամիս ժամկետում: Այսօր տարվել ավագանու ընտրություններում տարած հաղթանակի էյֆորիայով և փորձել օր առաջ անցկացնել համապետական ընտրություններ, ըստ իս ճիշտ չէ: Պետությունը պետք է պատրաստ լինի այդ ընտրությունների անցկացմանը:

Առավել քան վստահ եմ, որ մեր հայրենակիցներից յուրաքանչյուրին այսօր առավելապես հուզում է իր կենսամակարդակում դրական տեղաշարժ արձանագրելու հանգամանքը և ոչ թե նոր համապետական ընտրությունների անցկացումը: Մարդիկ ուզում են իրենց կյանքում փոփոխություններ տեսնել, զգալ, որ երկրում ինչ-որ բան է փոխվել, իսկ մի քանի ամիս տարբերությամբ խոշորագույն ընտրությունների անցկացումը որևէ կերպ չի կարող դրական ազդեցություն ունենալ մարդկանց կյանքի վրա, եթե չասեմ, որ ճիշտ հակառակ ազդեցությունը կարող է թողնել: Սրանք հարցեր են, որոնց ամբողջական լուծման դեպքում է հնարավոր միայն խոսել ողջամիտ ժամկետներում ընտրությունների անցկացման անհրաժեշտություն մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930