ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում այսօր՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ տուժողը՝ 1957 թ. ծնված տղամարդը, նշված բնակարանում բնակվել է վարձակալական հիմունքներով: Դիակի զննությամբ հայտնաբերվել են բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներ։
Ոստիկանության աշխատակիցների հետ միասին ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով տուժողի մերձավոր ազգականներից է։
Վերջինս հայտնաբերվել է և բերման ենթարկվել։
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին