Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրությանը պետք է հնարավորություն տալ վերաիմաստավորելու իրավիճակը, ոչ թե բորբոքված կրքերի մթնոլորտում, «սեւ-սպիտակի» բաժանելով` գնալ ընտրության. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 29,2018 12:28

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին ի պատասխան՝ իր տեսակետները «անհապաղ եւ առանց նախապայմանների» Ազգային ժողովն արձակելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու «իմքայլական» նկրտումների վերաբերյալ ներկայացնում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

-Ո՞ր դեպքում են արտահերթ ընտրություններ անցկացնում։ Երբ խորհրդարանը ե՛ւ դե յուրե, ե՛ւ դե ֆակտո «պարալիզացված» է, այլեւս անկարող է իրականացնել սահմանադրորեն իրեն վերապահված լիազորությունները, կամ խորհրդարանի հետագա գործունեությունը կարող է հանրային կյանքում տեւական ճգնաժամերի պատճառ դառնալ։

-Արդյոք խորհրդարանը պարալիզացվա՞ծ է, կարո՞ղ ենք արձանագրել, որ օրենսդիր մարմինն անգործության է մատնված եւ ի զորու չէ, ունակ չէ կատարելու իր սահմանադրական լիազորությունները։ Ակնհայտ է, որ ոչ։ Խորհրդարանը բնականոն աշխատում է, ավելին՝ որեւէ մեկը չի կարող նշել գոնե մի փաստ, երբ խորհրդարանն իր գործունեությամբ միտումնավոր՝ բացառապես քաղաքական, նույնիսկ ոչ կուսակցական նկատառումներով տորպեդահարել է, տապալել է կառավարության որեւէ նախաձեռնություն՝ միտված ժողովրդին մտահոգող խնդիրների լուծմանը եւ տնտեսական զարգացմանը։ Այդպիսի օրինակ չեք կարող բերել։

Ավելին՝ միջազգային պրակտիկայում կա «փոքրամասնության կառավարության» ինստիտուտը։ Սա արտառոց բան չէ՝ օգտագործվում է հենց այսպիսի դեպքերի համար, որպեսզի հանրությանը հնարավորինս զերծ պահի կատակլիզմներից, անհարկի լարվածություններից, սրացումներից եւ քաղաքական ճգնաժամերից։

Հետեւաբար խորհրդարանի այսօրվա գործունեությունը թե՛ նրա ֆունկցիոնալ նշանակության, թե՛ պետական իշխանության թեւերի հարաբերությունների, թե՛ հանրության սպասելիքների բավարարման տեսանկյունից խնդրահարույց չէ։

Հաջորդը՝ այս խորհրդարանն իր գործունեությամբ կարո՞ղ է ձեւավորել նոր կատակլիզմներ։ Պատասխանը դարձյալ «ոչ» է։ Այդուհանդերձ, արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կա՞, պահպանվո՞ւմ է, թե՞ ոչ։ Ըստ իս՝ այո։

-ՀՀԿ խմբակցության ձեր գործընկերները կարծես այնքան էլ հակված չեն այդ տարբերակին։

-Սա խմբակցության կարծիքը չէ՝ իմ անձնական կարծիքն է, որովհետեւ այդ քննարկումները դեռ չեն եղել։ Ի դեպ, քննարկումների արդյունքում այդ կարծիքը կարող է եւ փոխվել, բայց այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հանգամանքների բերումով՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների ազդեցության տակ, ուժերի իրական հարաբերակցությունը «բնության մեջ» չի համապատասխանում այն հարաբերակցությանը, որ ձեւավորվել է Ազգային ժողովում 2017թ. ընտրությունների միջոցով։ Այս հանգամանքը կարո՞ղ է հիմք դառնալ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Կարծում եմ՝ այո։

Հետեւաբար, խնդիրն այն չէ՝ անցկացնե՞լ արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ։ Խնդիրն այդ ընտրությունների իրավական, քաղաքական, հանրային բովանդակությունն է, այն է՝ մեր հանրությանն այս փոփոխված իրողությունների պայմաններում հնարավորություն տալ նորովի՝ վերաիմաստավորելով իրավիճակը, հանգիստ վերահաստատել իր կամարտահայտությունը։

Ոչ թե բորբոքված կրքերի մթնոլորտում գնալ ընտրությունների՝ հասարակությունը «սեւ-սպիտակի» բաժանելով, ներկայացնելով այնպես, թե բարիկադների մի կողմում հանցագործներ եւ երկրի թշնամիներ են, մյուս կողմում՝ հայրենասերներ, ընդ որում՝ հիմնականում զոմբիացված։

Կարծում եմ, սա մեր հանրության իրավունքն է՝ որեւէ մեկը իրավունք չունի զրկելու հանրությանը երկրում տեղի ունեցած փոփոխությունները վերագնահատելու եւ գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունից։

Եթե այդ ընտրությունը չեղավ գիտակցված, իմաստավորված, վաղը-մյուս օրը՝ ընտրություններից կարճ ժամանակ անց, իրավիճակն ավելի է բարդանալու, որովհետեւ հապշտապ՝ էմոցիոնալ բարձր «ֆոնի» վրա ընտրված խորհրդարանը կարող է ակնհայտորեն չհամապատասխանել այն սպասումներին, որ ձեւավորվել են ընտրությունների ժամանակ, եւ արդյունքում կհայտնվենք ոչ պակաս վտանգավոր հանգրվանում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930