Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ:
Նախարարը պետքարտուղարի տեղակալին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական ժողովրդավարական զարգացումները, կառավարության ծրագրային առաջնահերթությունները, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ակտիվացնել քաղաքական երկխոսությունը։ Մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական, Հայաստանի զարգացման օրակարգի, հատկապես՝ վերջինիս շարժիչ ուժ դիտարկվող նորարարական և գիտակրթական ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա խորացման շուրջ՝ այս առումով կարևորելով Հայաստան – ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների, մասնավորապես Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին:
Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն