Իշխանափոխությունից հետո կառավարությունը պատերազմ հայտարարեց կոռուպցիային եւ ստվերային տնտեսությանը։ Թվում է, թե դա կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների էական ավելացմանը՝ նկատի ունենալով Հայաստանում ստվերային տնտեսության մեծ ծավալները։
Սակայն պարզվում է՝ այդպես չէ։ Չնայած պետական բյուջեի մուտքերի հայտարարվող աննախադեպ բարձր կատարողականին, այնուհանդերձ կառավարությանը չի հաջողվել ամբողջովին ապահովել բյուջեի առաջին կիսամյակի ճշգրտված պլանը։ Խոսքը՝ ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի թերակատարման մասին է։
Հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում՝ տնտեսական աճը, ինչը առաջին կիսամյակում եղել է 8,3 տոկոս, կառավարությունը ճշգրտումներ է կատարել պետական բյուջեում։ Ըստ այդմ, բյուջեի եկամուտներն ավելացել են 48 միլիարդով՝ 1,308 տրիլիոնից հասնելով 1,352 տրիլիոնի։
Ճշգրտվել է նաեւ առաջին կիսամյակի պլանը՝ ավելանալով 25 միլիարդով։ Ի սկզբանե նախատեսված 602 միլիարդի փոխարեն ամրագրվել է 627 մլրդ դրամ։
Արձանագրվող բարձր տնտեսական աճի եւ ստվերային տնտեսության դեմ հայտարարված անողոք պայքարի պայմաններում թվում է, թե չպիտի բարդ լիներ այս ցուցանիշների ապահովումը։ Նամանավանդ իշխանափոխությունից հետո բացվեցին բազմաթիվ գործեր՝ աղաղակող չարաշահումների հետ կապված, որոնց հետեւանքով պետական բյուջեին հասցված վնասները գնահատվում էին տասնյակ միլիարդավոր դրամներ։ Սակայն անգամ այդ պայմաններում, համաձայն ֆինանսների նախարարության հրապարակած ցուցանիշների, կառավարությանը չի հաջողվել կատարել բյուջեի ճշգրտված պլանը։
Բյուջեի փաստացի եկամուտներն առաջին կիսամյակում եղել են 606 մլրդ դրամ։ Թեեւ այն 4 միլիարդով գերազանցել է ի սկզբանե նախատեսված ցուցանիշը, այնուհանդերձ զգալիորեն պակաս է ճշգրտված պլանից։
Բյուջեի եկամտային մասի թերակատարումը ճշգրտված պլանի նկատմամբ եղել է 3,4 տոկոս։ Պակաս է ստացվել ավելի քան 21 մլրդ դրամ։
Լուրջ թերակատարում է արձանագրվել պաշտոնական դրամաշնորհների գծով։ Ընդ որում, ինչպես բյուջեով նախատեսվածի, այնպես էլ ճշգրտված պլանի նկատմամբ։ Առաջին կիսամյակում այս հատվածից ակնկալվում էր ստանալ 16 մլրդ դրամ։ Հետագայում կառավարությունն այն ճշգրտել է՝ հասցնելով 17,2 միլիարդի։
Սակայն առաջին կիսամյակի փաստացի կատարողականը կազմել է ընդամենը 3,7 մլրդ դրամ։ Թերակատարումը գերազանցում է 78 տոկոսը։ Նախատեսվածի համեմատ պակաս է ստացվել 13,5 մլրդ դրամ։
Հ.ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում