Սեպտեմբերի 11-ի ասուլիսում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սպանվել էր արտակարգ դրություն մտցնելուց հետո: «Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի»:
Նկատենք, որ նախկին փաստահավաք խմբի զեկույցում նշված է, թե Աբգարյանին մահացու հրազենային վիրավորում հասցվել է ոչ թե արտակարգ դրություն մտցնելուց հետո, այլ ավելի վաղ՝ մարտի 1-ին` ժամը 22.20 սահմաններում, նա մահացել է արդեն ապրիլի 11-ին` այդպես էլ գիտակցության չգալով:
Արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը ներկայացնելիս նախկին նախագահ Ռ. Քոչարյանն ասել էր, թե ինքը զոհերի մասին տեղեկություններ չունի, այլ խոսքը վիրավորների մասին է: Այդ դեպքում տարօրինակ է, որ ՀՔԾ պետը նման հայտարարություն է անում` ստվերելով քրեական գործի ընթացքը: Ուստի «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՔԾ, որտեղից պատասխանեցին. «ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունը չի վերաբերում Ռոբերտ Քոչարյանի միայն հրապարակային ելույթներին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում