«Իհարկե, ոչ ափալ- թափալ, բայց հնարավորինս կարճ ժամկետում պիտի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և երկրի զարգացման հարցերը լինեն օրակարգի միակ հարցը առանց ներքաղաքական հարցականների»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով ՀՀ-ում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց՝ վաղվանից խորհրդարանական ուժերի հետ այս թեմայով քննարկումներ է ունենալու և հույս ունի, որ կգան համաձայնության. «Այս քննարկումների հիմքում, անկեղծ ասած, որևէ մեթոդի նախապայման չեմ դնի: Պայմանն այն է՝ սա կապված է նրա հետ, որ Երևանի ավագանու ընտրությունների քաղաքական հարցը շատ կոնկրետ էր դրված. դրված էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ կամ դեմ լինելու հարցը, և ըստ էության, «Իմ քայլը» դաշինքը 81 տոկոս՝ աննախադեպ բարձր ցուցանիշ է հավաքել: Սա նշանակում է, որ ՀՀ հանրությունը հստակ պահանջ է ձևակերպում արտահերթ խորհրդարանական ընտրությունների»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր խնդիրն է սիրո և համերաշխության մթնոլորտում հասնել այս խնդրի լուծմանը. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են: Դրանք ՀՀ-ում պիտի տեղի ունենա հնարավորինս արագ, քանի որ ըստ էության և′ ողջ միջազգային հանրության, և′ պոտենցյալ ներդրողների, և′ գործարար միջավայրի՝ բոլորի համար այդ հանգրվանը կարևոր է համոզվելու համար, որ գոնե միջնաժամկետ ծրագրերի առումով կարող են վստահություն ունենալ: Ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ հեղափոխությունը ՀՀ-ում անշրջելի է և կասկած չկա: Ընդհանուր առմամբ, կարծում եմ հիմա՝ մանավանդ այս հետընտրական շրջանում, երբ կրքերը որոշակիորեն հանդարտված են, խորհրդարանական ուժերի, խորհրդարանի ղեկավարության հետ, քաղաքական ուժերի հետ այս հարցը քննարկենք և գանք լուծումների: Եթե հարց կհնչի, կասկածներ կհնչեն, հանրության տեսակետի վերաբերյալ, կարծում եմ մենք նաև կմտածենք այդ մասին՝ ինչպես ավելի լայն մասշտաբներով ճշտենք ժողովրդի կարծիքն ու տեսակետը: Կարծում եմ բանը դրան չի հասնի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ