Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ խնդիրների են բախվում սիրիահայերը Հայաստանում

Սեպտեմբեր 29,2018 14:30

«Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են սիրիահայ գործարար, «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի անդամ Աիդա Սանթուրյանը եւ ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության աշխատակից Ժենյա Գյուլբանգյանը:

2018-ի պաշտոնական տվյալներով՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ունի 19.917 սիրիահայ: Սիրիական պատերազմի արդյունքում ընդհանուր առմամբ Հայաստան է եկել 22.000 սիրիահայ: Նրանց մի մասը ինչ-ինչ պատճառներով տեղափոխվել է այլ երկրներ:

Նելլի Գրիգորյան.- Տիկին Աիդա, քանի՞ տարի է՝ Հայաստանում եք, ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ խնդիրների եք հանդիպել Ձեր գործունեության ընթացքում: Քանի որ «Սիրիահայերի միություն» կազմակերպության անդամ եք, խնդրում եմ նաեւ ներկայացնեք, թե կազմակերպության անդամներն առհասարակ ինչ խնդիրների են բախվում, երբ փորձում են Հայաստանում սեփական բիզնեսը սկսել:

Աիդա Սանթուրյան.- Մենք ընտանիքով Հայաստան ենք տեղափոխվել 2012-ին: Մասնագիտությամբ ուսուցչուհի եմ, բայց Հայաստան եկա եւ 2014 թվականից ավանդական ասեղնագործությամբ եմ զբաղվում: Դա գիտեի: Սկզբում տանն էի զբաղվում ասեղնագործությամբ, հետո որոշեցի բիզնեսի վերածել դա: 2015-ից գրանցված գործունեություն եմ ծավալում: Երկու տարի է՝ միության խորհրդի անդամ եմ, խորհրդում 7 կանայք են՝ յուրաքանչյուրը տարբեր ուղղություններով է զբաղված: 2013-ից, երբ ես սկսեցի աշխատել, բավական դժվարություններ հաղթահարելով հասա որոշակի մակարդակի:

Ն. Գ.– Կոնկրետ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

Ա. Ս.- Օրինակ՝ սկզբում հումքը ձեռք բերելու հետ կապված դժվարություններ կային, հետո՝ շուկայում արտադրանքի սպառման: Այդ ամենը ուսումնասիրելու եւ ճանաչելու համար բավական ժամանակ պահանջվեց, բայց ես դժվարություններից չհուսահատվեցի: Գիտեի, որ ուղղությունս ճիշտ է, մանավանդ որ՝ ներկայացրածս մշակույթ է: Վստահ էի, որ անպայման հաջողության կհասնեմ: Ձեւերը գտանք եւ հասանք հաջողության: Անշուշտ, այս փորձառություններս արդեն երկու տարի է՝ փոխանցում եմ միության այն անդամներին, ովքեր նոր են փորձում ինչ-որ գործ հիմնել:

Ն. Գ.- Տիկին Ժենյա, պետությունն ի՞նչ արտոնություններ է սահմանել սիրիահայ գործարարների համար, ի՞նչ ծավալով են դրանք իրագործվում:
Ժենյա Գյուլբանգյան.- Սիրիահայերի խնդիրը շարունակում է օրակարգային մնալ ՀՀ կառավարության համար, բնականաբար՝ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ նաեւ սիրիահայերի զբաղվածության հարցերով շարունակվում են աշխատանքներ իրականացվել՝ համագործակցելով ինչպես տեղական մարմինների, այնպես էլ միջազգային, բարեգործական եւ համահայկական կառույցների հետ:

Սիրիահայերի գործարարությունը խթանելու նպատակով առաջին ծրագրերից, որ իրականացրել է նախարարությունը, ցուցահանդես-տոնավաճառներն էին՝ 2013-ից մինչ օրս երկու տասնյակից ավելի ցուցահանդես-տոնավաճառներ են կազմակերպվել: Դրանք սիրիահայերի համար կազմակերպվում են անվճար հիմունքներով, նպատակ ունենք թեթեւացնելու սիրիահայերի առօրյա հոգսերը եւ նրանց ձեռքի աշխատանքները հանրությանը ճանաչելի դարձնել: Միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվել են նաեւ մասնագիտական վերապատրաստումների ծրագրեր, նաեւ արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման ծրագիր է իրականացվել՝ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից: 100 բիզնես ծրագիր է ներկայացվել, որոնցից 92-ը արտոնյալ պայմաններով՝ մինչեւ 5 տարի մարման ժամկետով, 4% տոկոսադրույքով, մինչեւ 5 մլն դրամ վարկեր են ստացել: 92-ից 20 ծրագրի պարագայում վարկի մարման հետ կապված դժվարություններ ունեցան սիրիահայ մեր հայրենակիցները:

Ն. Գ.- Ինչո՞վ էին պայմանավորված այդ դժվարությունները:

Ժ. Գ.- Հայաստանում գործարարությամբ զբաղվում են այն սիրիահայերը, ովքեր նման փորձ ունեցել են Սիրիայում, եւ այն բիզնեսը, որը Սիրիայում հաջողել էին, տեղափոխել էին Հայաստան: Բնականաբար, սկզբնական շրջանում, երբ ավելի քիչ էին ծանոթ տեղի միջավայրին եւ շուկայի հնարավորություններին, մի փոքր ձախողեցին: Հետագայում նախարարության միջնորդությամբ վարկի մարումը տարաժամկետվել է, եւ մեր հայրենակիցները կարող են դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Ն. Գ.– Արտոնյալ վարկային ծրագրերից, որոնք կարծեմ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակահատվածում իրականացվեցին, դժգոհություններ էլ եղան: Տարբեր մամուլի ասուլիսներում եւ հարցազրույցներում տարբեր սիրիահայեր հայտարարեցին, որ այդ վարկերն իրականում այդքան էլ արտոնյալ չեն եղել, եւ նախնական պայմանավորվածություններ են խախտվել:

Ա. Ս.- Որոշ խնդիրներ եղան, հանձնախումբ կազմվեց, դրանք լուծվեցին: Բայց այդ վարկերը, որ տրվեցին, եւ մարդիկ օգտվեցին, անավարտ մնացին գործի բերումով՝ նոր էին բիզնեսը սկսել, իրականությանը լավ տեղյակ չէին, հաճախորդ չունեին եւ խնդիրների առաջ կանգնեցին: Բայց հանձնախումբը աշխատեց, եւ ավելի մատչելի պայմաններ տրվեցին, որպեսզի մարդիկ կարողանան վարկերը մարել:

Ժ. Գ.– Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոնի կողմից տրված վարկերի մասով ձեր նշած խնդիրներն ու բողոքները չենք ունեցել: Այդ վարկերը եղել են հստակ պայմաններով:

Ն. Գ.– Ապրիլից հետո Հայաստանում իրողություններ են փոխվել. Հայաստանի նոր իշխանություններից ի՞նչ սպասելիքներ ունեք, առաջարկների ի՞նչ փաթեթ կա, որը պատրաստվում եք ներկայացնել կառավարությանը, մանավանդ հիմա Հարկային օրենսգրքի փոփոխություններ են նախապատրաստվում:

Ա. Ս.– Մինչեւ հիմա կառավարությունը, նախարարությունը, տարբեր կազմակերպություններ մեզ օգնեցին, որպեսզի մարդիկ այստեղ հաստատվեն եւ կազմակերպվեն, գործունեություն ծավալեն: Նրանք բավական աշխատեցին, ուղղություն եւ ճանապարհ ցույց տվեցին, շատ հարցերում օգնեցին: Վստահ եմ, որ նոր կառավարությունն էլ այդ ծրագրերը պիտի ամբողջացնի եւ աջակցի հետագա զարգացումներին: Ինչ վերաբերում է առաջարկությունների փաթեթին, անշուշտ, դրանք վերաբերում են տարբեր տեսակ հարկերին, որոնք բավական բարձր են, առավելապես սկսնակ գործարարների համար բարձր հարկերը խնդիրներ են առաջացնում:

Ժ. Գ.- Սիրիահայերի աջակցության եւ գործընկերության ծրագրերը մեր առաջնահերթություններից են եւ շարունակվելու են: Իսկ նոր ծրագրերը պայմանավորված կլինեն հետագա զարգացումներով: Հուլիսին արդեն մեկնարկ տրվեց ԵՄ ֆինանսավորմամբ սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում ծրագրին, որի շրջանակներում տարբեր ենթածրագրեր են իրականացվում՝ բիզնես աջակցության, բնակվարձերի փոխհատուցման եւ այլն: Տեղյակ եք հավանաբար՝ մենք մշակել ենք Սիրիական հակամարտության հետեւանքով հարկադիր տեղահանված եւ Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2019-20թթ. ռազմավարությունը, այն դեռ քննարկումների փուլում է: Շահագրգիռ կառույցների հետ բանակցություններ են ընթանում ինտեգրման միասնական հայեցակարգ ներկայացնելու մասով: Ռազմավարության ճակատագրի որոշումից հետո կարելի կլինի խոսել նոր ծրագրերի մասին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Առավել մանրամասն՝

«Առավոտ»

28.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930