Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դժվարամատչելի ճանապարհներով երթեւեկող աշակերտների ու ուսուցիչների համար փոխհատուցում է նախատեսված

Սեպտեմբեր 29,2018 14:00

Բայց ծրագիրը, կարելի է ասել, գաղտնի է պահվել

Շուրջ տասը տարի է՝ 2007-2008 թվականներից սկսած, մեր երկրում պետական բյուջեով գումարներ են նախատեսված մարզերի հանրակրթական դպրոցների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցման նպատակով: Այսինքն՝ մարզերում բնակվող այն աշակերտները եւ ուսուցիչները, որոնք ստիպված են լինելու դպրոց հասնել դժվարամատչելի ճանապարհներով, պետք է փոխհատուցվեն: Պետական ծրագիրը, սակայն, կարելի է ասել, երկար տարիներ է՝ չի հանրայնացվել, որպեսզի ծրագրի շահառուները տեղյակ լինեն ու այդ գումարները պահանջեն: Այդ գումարներից, սակայն, ընդամենը մի քանի մարզ է կարողացել օգտվել: Այդ գումարները, որոնք տարեկան կտրվածքով միլիոններ են կազմել, հիմնականում ստացել են Սյունիքի, Վայոց ձորի եւ Արագածոտնի մարզերը: Սա ամենեւին չի նշանակում, որ մյուս մարզերում չեն եղել աշակերտներ եւ ուսուցիչներ, որոնք դպրոց են հասել դժվարամատչելի ճանապարհներով, պարզապես որոշ մարզեր ծրագրից տեղյակ չեն եղել, իսկ այն մարզերն էլ, որոնք ինչ-որ չափով տեղեկացված են եղել, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերի համեմատությամբ սիմվոլիկ գումարներ են ստացել, այսպես ասած՝ ձեւի համար: Այս մասին պարզել է Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնի հետազոտությունը:

Կազմակերպության ղեկավար Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ հետազոտությունն իրականացվել է վեց մարզում, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ շատ մարզերի մարզպետներ անգամ տեղյակ էլ չեն, որ բյուջեից իրենց մարզի աշակերտներին եւ ուսուցիչներին, որոնք դպրոց հասնելու համար դժվարամատչելի ճանապարհ են կտրում, նման միջոցներ են նախատեսվում:
Պարոն Դուլգարյանի համոզմամբ՝ ծրագրի մասին իրազեկում չի եղել, եւ չեն հանրայնացրել միտումնավոր, որպեսզի գումարները չտրամադրեն, մինչդեռ կառավարությունը պարտավոր էր այդ մասին տեղյակ պահել մարզպետարաններին, վերջիններս էլ՝ դպրոցների տնօրեններին:

«2015 թվականին պարզեցինք, որ կա պետական ծրագիր, որը տրամադրում է ճանապարհածախսի փոխհատուցում աշակերտներին եւ ուսուցիչներին, եթե իրենք գնում են այլ համայնք դպրոց: Բայց այս ծրագիրը բավականաչափ փակ է եղել, որպեսզի ոչ ոք չիմանա, եւ մինչեւ դա փորձեցինք բացել, մեզնից տարիներ պահանջվեց»,- ասում է Օլեգ Դուլգարյանը: Կազմակերպության ղեկավարը գումարների բաշխման գործընթացում մի խնդիր էլ է նկատել: Ասում է՝ երբ ուսումնասիրել են հատկացված գումարների չափը, պարզել են, որ մարզերի միջեւ այդ գումարները խիստ անհամաչափ են բաշխվել՝ մի մարզին միլիոններ են հասել, մի մարզին՝ 200 հազար դրամը չգերազանցող գումար՝ չնայած որ տվյալ մարզում էլ հազարավոր ուսուցիչներ եւ երեխաներ դժվարամատչելի ճանապարհով են դպրոց գնացել-եկել, եւ փոխհատուցում նրանց էլ պետք է տրվեր: Օլեգ Դուլգարյանի ներկայացմամբ՝ օրինակ՝ Սյունիքի մարզը, որի մարզպետն այդ տարիներին եղել է Սուրիկ Խաչատրյանը, որպես փոխհատուցում տարեկան կտրվածքով 25 միլիոն է ստացել, սակայն Լոռու մարզին ընդամենը 178 հազար դրամ են տվել:

Պարոն Դուլգարյանն այս գործընթացում կոռուպցիոն ռիսկեր էլ է տեսնում: Ըստ նրա՝ չի կարող Լոռու մարզի երեխան ավելի նվազ կարիքավոր լինել, քան ասենք՝ Սյունիքի մարզինը:

«Այսինքն՝ այդ գումարները նախատեսվել են պետական բյուջեով, բայց ոչ նրանց իրական կարիքներին: Լոռու մարզում նույնքան աշակերտներ եւ ուսուցիչներ կային դժվարամատչելի ճանապարհով երթեւեկող, որքան Սյունիքում, բայց այս մարզը գրեթե 100 տոկոսով փոխհատուցվում էր, Լոռիում պատնեշ էր ստեղծվում, որպեսզի այդ գումարը չփոխհատուցվի: Միգուցե ինչ-որ դպրոցում ինչ-որ ուսուցչի փոխհատուցում էին, որին նույնիսկ չէր էլ հասնում, կամ հնարավոր է, որ պետք է ստանար 200 դրամ, բայց ստացել է 500 դրամ»,- ասաց կենտրոնի ղեկավարը: Ըստ մեր զրուցակցի՝ ընթացակարգը հետեւյալն է. հայտը մարզպետարան ներկայացնում է դպրոցը, վերջինս՝ ֆինանսների նախարարություն, ֆիննախն էլ հաշվառում է կատարում եւ տարվա բյուջեի մեջ ընդգրկում է այդ ծախսերը, որոնք տալիս է համապատասխանաբար մարզպետարան, մարզպետարանն էլ տրամադրում է դպրոցին. «Այսինքն՝ եթե մարզպետարանը չտրամադրի այդ դպրոցին, չի կարող այդ գումարը ծախսել այլ բանի վրա»:

Գումարները պետական բյուջեից նախատեսված են եղել Հայաստանի Հանրապետության հեռանկարային կառավարման ծրագրով:

«Տարիների համար բաշխումները տրված են, եւ եթե մենք նայենք վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ անընդհատ գումարն ավելացել է մի քանի մարզերում: Մյուս մարզերում, որ սկզբնական դրված է եղել, այդքան էլ մնացել է: Հիմնականում միշտ ավելացել է Սյունիքում, Վայոց ձորում, մի քիչ էլ Արագածոտնում»,- ասաց Օլեգ Դուլգարյանը՝ նշելով, որ հետազոտության նպատակը նաեւ պետական այս ծրագիրը հանրայնացնելն է: Մեր զրուցակցի խոսքով՝ առաջին հաջողությունն արդեն գրանցվել է. ՀՀ կառավարությունը Լոռու մարզում գումարները մոտ 600 հազար դրամով ավելացրել է:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետությունում կան մոտ 5 հազար ուսուցիչ եւ նույնքան աշակերտ, որոնք դժվարամատչելի ճանապարհներով են երթեւեկում, սակայն նրանց հիմնական մասը տեղյակ չէ, որ նման պետական ծրագիր կա:

«Եվ նաեւ բացահայտեցինք այն դպրոցները մարզերում եւ աշակերտներին, որոնք ունեն այդ խնդիրը: Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերը անգամ չեն էլ իմացել, որ նման պետական ծրագիր գոյություն ունի հենց մարզպետների մակարդակով»:

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն կազմակերպությունը ծրագրի մասին իրազեկելու համար տեսահոլովակներ, բուկլետներ է պատրաստել, մշակել են որոշակի հաշվարկման մեխանիզմներ, որոնք մինչ այդ բացակայել են:

Պարոն Դուլգարյանի խոսքով. «Մինչհեղափոխական Հայաստանում ամեն ինչ արվել է, որ այդ ծրագիրը փակ լինի: Հիմա այդ խոչընդոտը չկա, բայց ունենք հանրայնացման խնդիր: Նախկինում կառավարությունից մարզպետարանին, մարզպետարանից էլ դպրոցի տնօրենին ասում էին՝ մի ներկայացրեք, այդ գումարը չկա: Կամ՝ մի հանրայնացրեք, թող ուսուցիչները չիմանան դրա մասին: Նոր կառավարության հետ հարցը քննարկվել է, եւ միակ խոչընդոտը մեխանիզմներն են, որոնք հստակ ներդրված չեն, բայց այս պահին գոնե Հայաստանի մարզերի մեծ մասում հաշվարկներ կատարվում են, որպեսզի ներկայացվեն կառավարություն՝ իհարկե մեզ հետ համագործակցությամբ, բայց մենք խնդիր ունենք դեռեւս դպրոցի տնօրենների իրազեկման, որոնք չգիտեն, որ կա այսպիսի պետական ծրագիր, որ աշակերտները եւ ուսուցիչները կարող են ընդգրկվել»:

Տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզն արդեն նախահաշիվը կազմել ուղարկել է կառավարություն, սպասում է պատասխանի: Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ կառավարությունից մերժումներ էլ են եղել, սակայն խնդիրը կապված է եղել հաշվարկների հետ, եւ այդ հայտերն ուղարկվել են վերահաշվարկի:

Ներկայում էլ Կոտայքի, Տավուշի մարզերում այդ հաշվարկները կատարվում են: «Մշակել ենք ձեւաչափ, որպեսզի դրանով առաջնորդվեն: Պետք է ուսուցիչները իմանան այդ ծրագրի մասին, որպեսզի իրենք էլ դիմեն իրենց դպրոցի տնօրեններին, որպեսզի տնօրենները կազմեն ճանապարհածախսի նախահաշիվը ու ներկայացնեն մարզպետարան, նա էլ ներկայացնի ֆինանսների նախարարություն»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

28.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930