Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախկին դատավորին դատական դեպարտամենտը դատավորների թեկնածուների ցուցակում չէր ընդգրկել

Սեպտեմբեր 29,2018 13:30
datavor

Արդյոք ցուցակներում ընդգրկվելու ժամանակ կա՞ն կոռուպցիոն ռիսկեր

1998թ. հոկտեմբերի 23-ին «Առավոտին» տված հարցազրույցում՝ «Ինչպես դատավոր նշանակել», ճանաչված իրավաբան, նախկին գլխավոր դատախազ Վլադիմիր Նազարյանը, խոսելով «Դատավորների բարձրագույն իրավաբանական որակավորման հանձնաժողովի մասին», օրենքի վերաբերյալ դեռ այն ժամանակ մի այսպիսի միտք էր հայտնել. «Առաջին՝ նոր ժողովրդավարական պետությանը համարժեք դատարանների կազմավորման եւ դրանց բնականոն գործունեության համար անհրաժեշտ է օրենսդրական դաշտի ստեղծում, դատավորների ուսուցում»: Անհրաժեշտ օրենսդրական հիմքի ձեւավորման առումով, ինչպես պրն Նազարյանն էր ասել. «կարելի է մի սատկած երեք նշանակել, որովհետեւ արդեն իսկ ստեղծվել են քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, քրեական դատավարության օրենսգրքերը, ինչպես նաեւ դատարանակազմության, դատախազության, դատավորների կարգավիճակի, փաստաբանական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման եւ այլ օրենքներ»: Ապա անդրադարձել էր քննությանը. «Ստացվում է, որ 8 օրենսդրություն չիմացող մարդ 1000-1500 օրենսդրություն չիմացող մարդուց քննություն պիտի վերցնի, որպեսզի փաստվի, թե ով ավելի քիչ գիտե օրենսդրությունը կամ ով ավելի չգիտե օրենսդրությունը։ Սա արդեն զավեշտ է։ Բայց սա զավեշտ չէ՝ ողբերգություն է, որովհետեւ ձեւավորում ենք 3 իշխանություններից մեկը՝ դատական համակարգը»։

Վլադիմիր Նազարյանը մերժել էր կառավարության ներկայացրած օրենքի նախագծի նախնական տարբերակը, որը, ըստ նրա, «կառուցված էր այն կանխավարկածի վրա, եթե դատավորի պաշտոնի ակնկալիք ունենալն արդեն ինքնին ավարտված հանցագործություն է»։ Իսկ կոռուպցիոն ռիսկերի մասին խոսելիս, հայտնի իրավաբանն ասել էր. «Ոնց կարող է ատամ քաշելու գինն իմանան, դատավոր դառնալունը՝ ոչ»։ Նազարյանին ամեն անգամ հիշում եմ, երբ դատավորներ են նշանակվում, կամ երբ նրանք իրենց դիմումներն են ներկայացնում պիտանիության ցուցակում առաջադրվելու համար:

ՀՀ վարչական դատարանի հուլիսի 24-ի որոշմամբ Կարեն Պողոսյանի հայցադիմումն ընդունվեց վարույթ: Հայցվորը 2008 թ. հունվարի 6-ից մինչեւ 2010 թ. հոկտեմբերի 7-ը պաշտոնավարել է՝ որպես Գեղարքունիքի մարզի, այնուհետեւ նաեւ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Դատավորի լիազորությունները դադարեցվել են 2010թ. հոկտեմբերի 7-ից՝ այլ աշխատանքի տեղափոխվելու մասին նրա դիմումի հիման վրա: Որպես նախկին դատավոր՝ նա այս տարվա հունիսի 29-ին ՀՀ դատական դեպարտամենտ է ներկայացրել համապատասխան դիմում՝ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար: Սակայն ՀՀ դատական դեպարտամենտը հուլիսի 13-ի որոշմամբ մերժել է նախկին դատավորին:

Դեպարտամենտը հղում էր կատարել գործող ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի՝ «Վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարի համապատասխան մասնագիտացման դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը, որը բավարարում է ՀՀ դատական օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում»: Մինչդեռ, Կ. Պողոսյանի՝ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ժամանակահատվածը տեւել է 2 տարի 9 ամիս, ինչը նշանակում է, որ ժամանակային իմաստով դիմումը չի համապատասխանում վկայակոչված նորմով ամրագրված պահանջին:

Նախկին դատավորը խնդրել էր անվավեր ճանաչել «Դիմումի ընդունումը մերժելու վերաբերյալ» ՀՀ դատական դեպարտամենտի հուլիսի 13-ի որոշումը կամ ոչ իրավաչափ ճանաչել նշված որոշումը՝ հաշվի առնելով, որ գործող ՀՀ դատական օրենսգրքում օրենսդիրն ամրագրել է դիմումը մերժելու վերաբերյալ որոշումը ոչ իրավաչափ ճանաչվելու եզրույթը: Վարչական դատարանը մերժել է նախկին դատավորի հայցը դատական դեպարտամենտի դեմ, իսկ վարչական վերաքննիչ դատարանն էլ օրերս ավարտեց բողոքի քննությունը եւ հոկտեմբերի 5-ին կհրապարակվի երկրորդ դատական ատյանի իրավական դիրքորոշումը:

Ի դեպ, ըստ հայցվորի, իր պաշտոնավարման ընթացքում, դատավորի լիազորությունների դադարեցման պահին, ինչպես նաեւ մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը գործած ՀՀ դատական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի ուժով դատավորների թեկնածուների ցուցակներում կարող են ընդգրկվել նաեւ դատավոր աշխատած այն անձինք (նախկին դատավորները), որոնք վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 2 տարի աշխատել են որպես դատավոր: Կ.Պողոսյանն այլ աշխատանքի տեղափոխվելու վերաբերյալ դիմում ներկայացնելիս համոզված է եղել, որ իր լիազորությունները դադարեցվելուց հետո` մինչեւ 2018 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ներառված յուրաքանչյուր տարի՝ մինչեւ այդ տարվա հուլիսի 1-ը, ինքը կարող է ներկայացնել դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ օրենսգրքով սահմանված դիմում:

Հետեւաբար, նա պահպանել է այդ պահին գործող խմբագրությամբ ՀՀ դատական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով մինչեւ 2018 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իր հնարավորությունը:

Ստացվել է մի իրավիճակ, որ նա եթե մինչեւ այս տարվա ապրիլի 9-ը գործած ՀՀ դատական օրենսգրքով կարող էր դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել առնվազն 2 տարվա դատավորի ստաժով, ապա 2018 թվականի ապրիլի 9-ից գործող ՀՀ դատական օրենսգրքի համաձայն՝ պահանջվել է 3 տարվա դատավորի ստաժ: Ըստ հայցվորի, «Գործող ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված են առավել վատթարացնող պայմաններ: Մինչդեռ, ինչպես նախկին, այնպես էլ փոփոխություններով ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, ինչը նշանակում է, որ իր նկատմամբ կիրառելի չէ գործող ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված՝ վիճահարույց որոշմամբ կիրառված դրույթը, քանի որ այն իր իրավական վիճակը վատթարացնող է»:

Հայցվորի գնահատմամբ, դատական դեպարտամենտը հաշվի չի առնել, որ ՀՀ Սահմանադրությամբ եւ դատավորի պաշտոնում իր լիազորությունները դադարեցվելու պահին գործած դատական օրենսգրքով երաշխավորված է եղել մինչեւ 2018 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իր իրավունքը: Այսինքն, վիճահարույց որոշմամբ խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքով պահպանվող՝ դատավորի պաշտոնին հավակնելու իր իրավունքը. «ՀՀ դատական դեպարտամենտը, փաստորեն, անուշադրության է մատնել այն իրողությունը, որ նախկին եւ գործող ՀՀ դատական օրենսգրքերով նախատեսված են այլ կանոնակարգումներ՝ կապված դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու հավակնություն ունեցող նախկին դատավորների՝ դատավորի պաշտոնում պաշտոնավարած ժամկետի հետ, եւ որ դատավորի պաշտոնում իր լիազորությունների դադարելու պահից հաշված մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Արդյունքում՝ դատական դեպարտամենը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի կոպիտ խախտում»:

Պատասխանող ՀՀ դատական դեպարտամենտի համաձայն, հայցադիմումով ներկայացված պահանջը ենթակա է մերժման: Պատասխանողն անդրադառձել է դատավորի լիազորությունների դադարեցման պահի` 2010 թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ գործող խմբագրությամբ ՀՀ դատական նախկին օրենսգրքի իրավակարգավորումներին: Մասնավորապես՝ օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասին, որը սահմանել է դատավորի լիազորություններն Արդարադատության խորհրդի առաջարկությամբ հանրապետության նախագահի կողմից դադարեցնելուն:

«Տվյալ դեպքում ՀՀ նախագահի ՆՀ-242-Ա հրամանագրով հայցվորի` որպես ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են իրավահարաբերության պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, համաձայն որի` դատավորի պաշտոնավարումը դադարում է, եթե նա դիմում է այդ մասին (հրաժարական է տալիս), -առարկել էր պատասխանողը, հայտնելով,- վիճարկվող կանոնակարգումները տարածելի լինել չէին կարող: Հետեւաբար, հայցվորը 2010 թ. հոկտեմբերին այլ աշխատանքի տեղափոխվելիս լեգիտիմ ակնկալիք ունենալ չէր կարող»: Հակափաստարկներից մեկն էլ այն էր, որ դատավորը կարող էր դիմել 2014 թվականի հուլիսի 3-ից մինչեւ 2018 թ. ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում` մինչեւ ՀՀ դատական նախկին օրենսգրքի ուժը կորցնելը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

28.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930