Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրոպացի գործընկերներն ու ներդրողները դեռ սպասում են

Սեպտեմբեր 29,2018 13:00

«Տնտեսության կառուցվածքը լավատեսության հիմք չի տալիս»

Ներկայումս գործող տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում, սեպտեմբերի 20-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետեւյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթեւ արդյունաբերություն, վերամշակվող գյուղատնտեսություն։ Մենք պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա։ Այս ռեւերսի, փոփոխության շրջանում մենք նաեւ որոշակի տնտեսական, ֆինանսական բարդություններ, դժվարություններ ունենալու ենք, բայց մենք պետք է գնանք այդ փոփոխություններին»:

Այս հայտարարությունից մի քանի օր անց արդեն Նյու Յորքում գտնվող Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. «Հայաստանի զարգացման մոդելի առանցքային փոփոխությունը հետեւյալն է. Հայաստանում կային մարդիկ, ովքեր բոլորից պահանջում էին ինչ-որ բան անել: Հեղափոխությունը եղավ, երբ մարդիկ արձանագրեցին, որ ինչ-որ բան պետք է անի մեզնից յուրաքանչյուրը: Հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինչ-որ պահի զգաց իր դիրքորոշման շրջադարձային ուժը, զգաց, որ դա է Հայաստանի այսօրն ու ապագան որոշելու ճանապարհը: Ամենեւին էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետի կարգավիճակում՝ ես կամ որեւէ մեկը, ամենակարեւորն այն է, որ այսօր այլեւս միայն ՀՀ քաղաքացին է ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններով որոշելու, թե ով պետք է լինի իշխանություն, ով` ընդդիմություն, ով լինի պատգամավոր եւ ով` ոչ: Սա ամենակարեւոր փոփոխությունն է, որը որեւէ պարագայում չի փոփոխվի»:

Նա տեղեկացրել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները: «Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաեւ տնտեսական միջավայրը բարենպաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը: Այսօր մեր տնտեսության կառուցվածքը որեւէ լավատեսության հիմք չի տալիս, եւ այն պետք է փոխենք: Այսօր այն բաղկացած է երեք հիմնական ճյուղից. մեկը գյուղատնտեսությունն է, որը ժամանակակից պայմաններին չի բավարարում, մյուսը` հանքարդյունաբերությունը, որն ազգային հարստության վաճառք է նշանակում, մյուսը խաղադրույքների ոլորտն է… Մեր կառավարությունը 4 ամսում արել է իրենից կախվածը` երկրում իրավիճակը կայուն պահելու համար, որովհետեւ հետհեղափոխական շրջանի ամենակարեւոր մարտահրավերը հենց դա է, ինչը հաջողվել է մեզ: Այսօր մեր ամենակարեւոր խնդիրը նոր ներդրումներ ներգրավելն է: Այդ նպատակով գնում ենք հարկային օրենսգրքի բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատմանը, քաղաքական կայուն վիճակի պահպանմանը, ինչի համար պետք է մոտ ժամանակներս անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, եւ դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան»,- ընդգծել է վարչապետը:

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում այսօր մենաշնորհներն ու կոռուպցիան հաղթահարված են, ավագանու ընտրություններն անցել են առանց կոռուպցիայի, թաղային, քրեական հեղինակությունների միջամտության: Նա նշում է, որ այսօր Հայաստանի ընկալումը հետեւյալն է. այն մի երկիր է, որտեղ կարելի է ծավալել տնտեսական գործունեություն, բիզնես հիմնադրել, շահույթ ստանալ, հարստանալ եւ հարստացնել:

Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ-ի հետեւողական օժանդակությունը

Այսպես, Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը լավատեսության հիմք չի տալիս եւ որ Հայաստանի կառավարության ամենակարեւոր խնդիրը՝ նոր ներդրումներ ներգրավելն է: Այստեղ արդեն հաջորդ քայլերի անհրաժեշտությունն է կարեւորվում՝ հարկային օրենսգրքի բարեփոխումներ, անկախ դատական համակարգի հաստատում, քաղաքական կայուն վիճակի պահպանում: Ու այս ամենի իրականացման ճանապարհին Փաշինյանը շեշտում է, որ մոտ ժամանակներս պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հետեւաբար, կարելի է եզրակացնել, որ Հայաստանում տնտեսական լուրջ բարեփոխումների իրականացումը Փաշինյանը հենց նախատեսում է խորհրդարանական ընտրություններից հետո:

Վերջին օրերին Հայաստանի արեւմտյան գործընկերները ընկալելով Փաշինյանի ուղերձները, կարծես, սկսեցին արձագանքել նրա հայտարարություններին: Սեպտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել էր ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ: Նրանք քննարկել էին Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը, անդրադարձել էին Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչմանը միտված հետագա քայլերին: Փաշինյանը կարեւորել էր ԵՄ համընդգրկուն աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին: Հանը նշել է, որ Եվրամիությունը հետեւողականորեն շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության խթանմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրով նախատեսված ծրագրերի շրջանակում նպաստելով մեր երկրում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, օժանդակելով օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը: Հանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ-ի հետեւողական օժանդակությունը` ըստ ՀՀ կառավարության առաջնահերթությունների նախաձեռնած արմատական բարեփոխումների:

«Պետք է այնպես անել, որ նոր ներդրողները զգան, որ այստեղ իրենց սպասում են»

Վերջին օրերին բավական ակտիվ էր Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, որը «Ազատության» հետ զրույցում նշել էր՝ հեղափոխությունը Հայաստանի համար խաղաղ փոփոխության բրենդն է ստեղծել, բայց հայաստանցիները պետք է աշխատեն Հայաստանի լավ իմիջի պահպանման եւ զարգացման ուղղությամբ։

«Մենք պետք է հասկանանք, որ այս իմիջը հավերժ չի պահպանվելու, եւ հայաստանցիները պետք է մտածեն ինչպես անել, որպեսզի Հայաստանի այս դրական պատկերը, որպես խաղաղ փոփոխության երկիր, պահպանվի եւ շարունակի ակտուալ մնալ եւ դրանով գրավի այլ ժողովուրդների համակրանքը՝ քաղաքական համակրանքը, ինչպես նաեւ տնտեսական համակրանքը, որն իր հետ կբերի հավելյալ տնտեսական ակտիվություն, այնպես որ, իմ խորհուրդը կլիներ հայաստանցիներին՝ լինել դրական փոփոխության դեսպաններ. ուր էլ որ նրանք գնան, ում հետ էլ որ հանդիպեն, նրանք պետք է բացատրեն այս փոփոխության իրական բնույթը», – ասաց դեսպանը։

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ այս իշխանությունների քայլերը համահունչ են եվրոպական արժեքներին, դեսպանը պատասխանել է. «Կան դրական մտադրություններ, կան մեծ հույսեր եւ ակնկալիքներ։ Եվրոպայի փորձից ելնելով՝ մենք խուսափում ենք խորհուրդներ տալուց, մենք պարզապես կարող ենք կիսվել մեր փորձով. ամենակարեւոր բանը հաստատություններ ստեղծելն է, քաղաքական կամքը դա փոփոխությունների մեխանիզմն է, փոփոխությունների լծակն է, սակայն փոփոխությունները կարող են կյանքի կոչվել միայն այն բանից հետո, երբ քաղաքական կամքը վերափոխվի ուժեղ հաստատությունների եւ լավ օրենքների։ Որովհետեւ միայն դրանով կարելի է ակնկալել, որ նոր սոցիալական երկխոսության մշակույթ կձեւավորվի։ Հայաստանցիներն առաջիկա ամիսներին այս մեծ մարտահրավերի առաջ են կանգնած լինելու, թե ինչպես այս դրական փոփոխությունները, մտադրությունները վերափոխեն օրենքների եւ նոր կառավարման մշակույթի»։
Ըստ դեսպանի՝ դրական փոփոխություններն ակնհայտ են. «Այդ փոփոխությունները վերաբերում են այն փաստին, որ այլեւս գոյություն չունեն միջանկյալ բիզնես գործիչներ, ովքեր իրենց հատուկ կապերի շնորհիվ կարողանում են միջնորդի դեր կատարել։ Կարծում եմ, որ մենք ավելի շատ մոտենում ենք այն իրավիճակին, երբ խաղի կանոնները հավասարվում են։ Երբ որ նայում ենք տնտեսական ցուցանիշներին, մենք տեսնում ենք, որ ներդրողները որոշել են դեռեւս սպասել եւ հասկանալ, թե ինչ տեղի կունենա եւ դա հասկանալի է։ Տարվա երկրորդ մասի ցուցանիշները, որոնք վերաբերում են արտաքին ներդրումներին, ցույց են տալիս, որ արտաքին ներդրողները սպասողական վիճակում են եւ դա հասկանալի մոտեցում է գործարարների կողմից։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն օտար ներդրողների համար գրավիչ երկիր է։ Այս պահին կարեւոր են դրական ազդակները. պետք է հղել ազդակ, որ Հայաստանը հետաքրքրված է, որ օտար ներդրողներ գան։ Պետք է այնպես անել, որ նոր ներդրողները, հատկապես Եվրամիությունից, զգան, որ այստեղ իրենց սպասում են»։

Ներքաղաքական փոփոխությունները ԵՄ-ում դիտարկում են որպես՝ «հզոր առաջընթաց»

Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները ԵՄ-ում դիտարկում են որպես հզոր խթան, առաջընթաց՝ առեւտրային հարաբերությունների, ներդրումների զարգացման համար, ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առեւտրի հարցերով առաջին նիստում նշել է Պյոտր Սվիտալսկին: «Ես, մասնավորապես, խոսում եմ կոռուպցիայի վերացման խնդիրների մասին»,-ասել է Սվիտալսկին՝ նկատելով, որ կոռուպցիան ամենուրեք է ամենամեծ խոչընդոտը օտարերկրյա ներդրումների համար: Նրա կարծիքով՝ դրա հաղթահարումը ակնհայտորեն կօգնի Հայաստանին գտնել նոր գործընկերների: Եվ այն երաշխիքներ կտա ԵՄ գործընկերներին, որ ավելի ընդգրկված եւ շահագրգռված լինեն բիզնես-կապերի համար:

Հաջորդ ուշագրավ ուղերձն այն է, որ Սվիտալսկին համոզմունք է հայտնել, որ եվրոպական ընկերությունները ուշադիր վերլուծում են Հայաստանում հնարավորությունները, եւ ըստ նրա՝ նրանք խրախուսվել են ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերից հետո: «Հատկապես խոսքը վերաբերում է այն ջանքերին, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարին, արդարության ապահովմանը: Այս ջանքերը Հայաստանին դարձնում են ավելի գրավիչ ներդրումների համար», -նկատել է Սվիտալսկին՝ հավելելով, որ ԵՄ-ն Հայաստանի արտահանման ամենամեծ շուկան է եւ այսօր ԵՄ-ն ցանկանում է առեւտուրը ընդլայնել եւ աջակցել ՀՀ կառավարությանը՝ արտահանման եւ ներդրումների ոլորտում երկկողմ հաջողության հասնելու համար. «Միասին կքննարկենք, թե ինչ պետք է արվի, որպեսզի Հայաստանն ավելի գրավիչ լինի ներդրումների համար, մենք բաց ենք հայ գործարարների կողմից արվող տարբեր առաջարկների համար»:

Ներդրողների, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար կոռուպցիայի վերացումից հետո կարեւոր էր մեկ այլ առաջնահերթություն՝ դատաիրավական համակարգի անկախությունը: Սա մեծ երաշխիք է առեւտրային գործունեության զարգացման տեսակետից, որը հնարավորություն է տալու ներդրողներին, ՓՄՁ-ների ներկայացուցիչներին Հայաստանում զգալ անվտանգություն, կայունություն եւ օրենքով պաշտպանվածություն: ՀՀ կառավարությունն ու արեւմտյան գործընկերներն իրենց վերջին հայտարարություններով ակնհայտորեն նախանշում են Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ առաջնահերթությունները:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

28.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Արտերկրի հայ ներդրողների պարագային, այս «սպասողական» կեցուածքը անընդունելի է: Յեղափոխութեան ընթացքին, երբ որ դրսից կատաղիօրէն քաջալերում էին փողոցի շարժումը, հաւաստիացնում էին թէ հենց որ երկիրը ձերբազատուի հիմա նախկին դարձած վարչակարգից, իրենց արդէն հեսա, փութալու են Հայաստան, գործնականօրէն մասնակցելու համար Յեղափոխութեան:

    Այս տեսակի սեփական, հայ ներդրումները անհրաժեշտ գործօն մըն են յեղափոխութեան յաջողութեան: Հիմա այդ ֆեյսպուքի յեղափոխականները սպասո՞ւմ են… Ուրեմն իրե՞նց բաժինը, իրենց իսկական մասնակցութիւնը ի՞նչ է լինելու, այդ շարժումին մէջ: Որու ձախողութեան հետեւանքները կրելու են երկրի բնակչութիւնը:

    Մինչ, այս պահին արտաքին օտար ներդրումների կամ այլ նիւթական նպաստների պակասը, ներազգային գետնի վրայ, օգտակար է Փաշինյանին համար, բարձրացնում է նրա վարկն ու արժանիքը, որովհետեւ դա փարատում է այլազան կասկածներ, եւ փաստում է թէ ինք դուրսի ուժերի հաշւոյն չի գործում, այդպէս ծախուած – կամ խաբուած – մարդ չէ:

    Փաշինյանը փաստօրէն լքուած է: Մինչեւ որ, դեռ անկէ անդին, նոր – կամ աւելի հին – յեղափոխականներ սկսին ուղղակի իր դէմ ելլել: Ոչ մի խելքը-գլխին հայ կարող է ուրախանալ այս կացութեամբ, որովհետեւ էական նիւթը անձը չէ անշուշտ:

    Շուտվանից, երկրին մէ՛ջ, երկար տարիներ շարունակ այլախոհ անձինքը, եւ այժմ երկրին մէջ կամ դուրս այլախոհ դարձածները, խնդիր չեն: Զզուելիները անոնք են որոնք յեղափոխութեան ընթացքին մեծ եռանդով, դուրսը բազմած, քաջալերեցին զայն, իսկ հիմա ել, դուրսը հանգիստ բազմած, … սպասում են:
    https://www.youtube.com/watch?v=ODLEKSdWjSE

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930