«Իլհամ Ալիևի պայմանավորվեցինք՝ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարական տանք, որ նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում և ընդհանրապես լարումն իջեցնելու վերաբերյալ: Խոսքը վերաբերում է սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլերին»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջին շփումն է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը եղել է առարկայական: Նա մանրամասնեց. «Մենք ծանոթ էինք, բայց դրանից հետո ոչ մի շփում, խոսակցություն չի եղել, նույնիսկ նման բան չի եղել ծանոթացման ժամանակ: Այս անգամ առարկայական խոսակցություն ստացվեց, և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք»:
ՀՀ վարչապետը հավաստիացրեց՝ Ադրբեջանի նախագահի հետ կա պայմանավորվածություն, որ հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի արցախաադրբեաջանական հատվածի ողջ երկայնքով միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխելու վերաբերյալ: Երեկ երեկոյան հրաման եմ տվել մեր զինված ուժերին և ուրախ եմ արձանագրել, որ նախորդ գիշերը եղել է իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո ամենախաղաղ գիշերը»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ալիևի հետ խոսակցության ընթացքում արձանագրվել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցային ճանապարհով. «Մենք պայմանավորվել ենք օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա ստեղծել: Առայժմ այսպիսի համաձայնություն կա, թե ինչպիսին կլինի կապը զուտ տեխնիկական առումով, կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Պարզապես համաձայնության ենք եկել Իլհամ Ալիևի հետ, որ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ օպերատիվ կապի համակարգ մշակեն, որ կողմերի միջև հնարավոր լինի հաստատել օպերատիվ կապ: Եթե ուզում ենք, որ հրադադարի ռեժիմը պահպանվի, պիտի այդպիսի օպերատիվ կապի կոմունիկացիա ունենանք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Չարժէ հաւատալ,,