Այսօր Գայի Պողոտա 37 հասցեում բացվեց «Սասնա Ծռեր» կուսակցության Նոր Նորքի գրասենյակը: Բացման արարողությանը մասնակցեցին Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը և Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի այլ անդամներ:
Շնորհավորանքներից հետո կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամները պատասխանեցին նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:
Մասնավորապես՝ Ժիրայր Սէֆիլյանն ասաց. «Օր առաջ մեր երկիրը պետք է զարգացման հունի մեջ մտնի: Մենք մտավախություն չունենք, որ նախկինները կարող են վերադառնալ, այդպիսի բան չկա, վստահաբար եմ ասում: Մտահոգությունն այն է, որ մենք ժամանակ ենք կորցնում օր առաջ երկիրը զարգացման հունի մեջ դնելու համար, և այդ զարգացման կարևոր հանգրվանը նոր Ազգային ժողովի ձևավորումն է: Մեր առաջնային պահանջներից է եղել` օր առաջ այսօրվա խորհրդարան կոչեցյալը լուծարելը, ավելին` մենք բանտից նույնպես այդ կոչով հանդես ենք եկել մեր խորհուրդներով, հորդորներով հրապարակավ միշտ բարձրաձայնել ենք կարևորագույն առաջարկները: Դրանցից առաջինը հենց գործող ապօրինի, ոչ լեգիտիմ, բռնությամբ ծնված ԱԺ-ի լուծարումն է և մենք ամեն ինչով օժանդակելու ենք, որ պրոցեսը հնարավորինս արագանա»: