Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը և Արթուր Սաքունցը մամուլի ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում խոսվեց մի շարք խնդիրների մասին։
Ասուլիսից րոպեներ առաջ Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ձեռք են բերվել հավաստի ապացույցներ` ԲՀԿ-ի հանրահավաքներին մասնակցելու դիմաց գումարներ բաժանելու մասին։
«Մենք հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է: Ավելին, ԲՀԿ-ի ներկայացուցիչները վախեցնում են մեզ ազդարարողներին», – գրել է Իոաննիսյանը:
Այս տեղեկությունը կտրականապես հերքեցին ԲՀԿ տարբեր ներկայացուցիչներ, իսկ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց Իոաննիսյանին դատի տալու մասին։
Այժմ հրապարակում ենք հեռախոսազրույցի ձայնագրություն, որում ներկայացված է, թե ինչպես է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գումար վճարել բազմաթիվ ակտիվիստների` ֆլեշմոբերին և հանրահավաքներին մասնակցելու դիմաց։
Անձնական տվյալների պաշտպանությունից, ինչպես նաև զրուցակիցների անվտանգությունից ելնելով` ձայնագրությունից հեռացված են բոլոր հնչած անունները։ Միաժամանակ հայտնում ենք, որ իրավապահ մարմիններին փոխանցված տեղեկությունը ամբողջական է։