Սեպտեմբերի 28-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում- 2018. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները: Արդեն չորրորդ անգամ անցկացվող մրցույթը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն իրականացնում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Այս տարի «Թվապատումին» աջակցել են նաեւ Յուքոմն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը նշեց, որ այս տարի ունեցել են 130-ից ավելի աշխատանք, սակայն ամենակարեւորն ըստ նրա այն է, որ աշխատանքների որակը բարձր է եղել:
«Ունենալով հսկայական քանակի խնդիրներ մեդիա դաշտում, մենք ունենք նաեւ լավ լրագրողներ, որոնք կարող են աշխատել եւ ստեղծել նոր տեսակի լրագրություն, պատասխանատու լրագրություն Հայաստանում: Ես հույս ունեմ, որ այսպիսի միջոցառումները կդառնան հնարավորություն՝ եւս մեկ քայլ անել լրատվական դաշտի զարգացման ճանապարհին, դարձնելով այն ավելի պրոֆեսիոնալ, էթիկայի կանոններին հետեւող»,-ասաց տիկին Սարգսյանը:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը նախ խոսեց հայերեն, ասաց, որ իր համար, թեեւ անչափ դժվար է, սակայն փորձում է սովորել:
«Ձեր աշխատանքը շատ կարեւոր է Հայաստանն ավելի ժողովրդավար դարձնելու համար: Դուք ունեք այն իշխանությունը, որը կառավարությանը եւ որոշում կայացնողներին ավելի պատասխանատու է դարձնում»,- նշեց տիկին Գրիզերը:
«Ստատուս. մարդու իրավունքներ» անվանակարգի հաղթող ճանաչվեց Հանրային հեռուստատեսության լրագրող Սուսան Բադալյանը՝ «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները պաշտպանված չեն» նյութի համար, «Մեդիա 3.0» անվանակարգում հաղթող ճանաչվեց Hetq.am-ում հրապարակված «Կոմունալ վճարներ, ինչպես են տաքանում Երեւանում» պատմությունը, որի հեղինակներն են Անի Հովհաննիսյանն ու Նարեկ Ալեքսանյանը:
«Դիտակ. հետաքննական լրագրություն» անվանակարգի մրցանակակիրը Hetq.am-ի լրագրող Գրիշա Բալասանյանն է՝ «Չվարակազերծված ջուր, անբարեկարգ ջրամատակարարման համակարգ» նյութի համար: «Ռեինֆորմացիա.բարեփոխումների լավագույն լուսաբանում» անվանակարգում պարգեւատրվեցին Ampop.am կայքի խմբագիր Սուրեն Դեհերյանը՝ «Կուտակային կենսաթոշակ.ապահովելով սեփական ծերությունը» նյութի համար եւ «Ուրբանիստա» կայքի՝ «Բացակա քաղաքացիները՝ ավագանու բաց նիստերին» պատմության համահեղինակներ Հասմիկ Դիլանյանն ու Անահիտ Մինասյանը:
«Թվապատում- 2018»-ի «Գործող անձ» անվանակարգում հաղթեց EVNreport նախագծի «Լսել Երեւանը» պատմությունը, որի համար պարգեւատրվեցին նյութի հեղինակ Արեն Մելիքյանը եւ հերոս Սիփան Ասատրյանը:
Սիփանն ասաց, որ ցանկանում է փշրել կարծրատիպը եւ բացատրել մարդկանց, որ հաշմանդամությունը տառապանք չէ: Հավելեց, որ ցնծում է, երբ Արենի նման լրագրողներից է առաջարկ ստանում հաշմանդամության թեման նման կերպ ներկայացնելու համար. «Ես բազմաթիվ միօրինակ հաղորդումների եւ տեսանյութերի հերոս եմ դարձել, բայց երբ Արենից ստացա նման առաջարկ, միանգամից ընդունեցի, որովհետեւ հետաքրքիր էր, նոր էր նման ձեւով ներկայացնելը»:
Բոլոր մրցանակակիրները ստացան դրամական մրցանակներ: Հիմնական անվանակարգերից բացի՝ ժյուրին հատուկ եւ խրախուսական մրցանակներ շնորհեց այն պատմությունների համար, որոնք տպավորել էին լրագրողական բարձր որակով եւ ներկայացված թեմայի կարեւորությամբ:
Հին թեման նոր գործիքների լավագույն կիրառմամբ մատուցելու համար «Յուքոմ» ընկերությունը պլանշետ հանձնեց «Մեդիամաքսին»:
Մրցանակների եւ հաղթողների մասին ավելի մանրամասն տեղեկությունները կարելի է գտնել Թվապատումի՝ contest.tvapatum.mediainitiatives.am կայքում:
Հավելենք նաեւ, որ ժյուրիի անդամներն են մեդիադաշտի հայտնի եւ փորձառու մասնագետներ Մեսրոպ Հարությունյանը, Սեդա Մուրադյանը, Տիգրան Պասկեւիչյանը եւ Մանանա Ասլամազյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ