Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Քուվեյթի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սաբահ Ալ-Խալիդ Ալ Սաբահի հանդիպումը:
Նախարարները նշեցին, որ այս տարի լրանում է Հայաստանի և Քուվեյթի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը լավ հնարավորություն է ամփոփելու անցած ճանապարհը և ուղենշելու հարաբերությունների հետագա զարգացման համար առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում արտգործնախարարները կարևորեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերական անցկացումը:
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան երկկողմ օրակարգին և բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, կարևորեցին քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչպես նաև զբոսաշրջության, մշակութային, գիտակրթական, նորարարական ոլորտներում համագործակցության ընդլայնումը և խորացումը՝ այդ թվում միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման միջոցով:
Հայաստանի և Քուվեյթի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր գնահատեցին Քուվեյթի հայ համայնքի դերը որպես երկու բարեկամ երկրներին կապող օղակ:
Հայաստանի և Քուվեյթի արտգործնախարարները քննարկեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ջանքերը։
ՀՀ ԱԳՆ