Այս տարի «Տեղեկատվության ազատություն» արդեն 17-րդ մրցանակաբաշխությանը ոսկե բանալի և ժանգոտ բանալի մրցանակներ չհանձնվեցին:
Այս առիթով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը պարզաբանեց. «Այս տարի չուզեցինք շտապել և հիմնվել ընդամենը երեք- երեքուկես ամիսների կյանք ունեցող կառավարության արդյունքների վրա: Ամենաբաց կառույց՝ ոսկե բանալի ու ժանգոտ կողպեք մրցանակները որոշեցինք դնել դարակում և սպասել մեկ տարի»:
Այնուամենայնիվ, Շուշան Դոյդոյանը որոշ մարտահրավերներ նշեց, որոնց առաջ կանգնած է ՀՀ կառավարությունը. «Առաջինը նոր կառավարության՝ տեղեկատվության ոլորտում աշխատող կադրերի պակասն է և նրանց վերապատրաստումը: Կադրեր կան, որոնք հնուց շարունակում են աշխատել, բայց կան նորերը, որոնք փորձ չունեն և խնդիրներ են առաջացնում ԶԼՄ-ների, ՀԿ-ների և սովորական քաղաքացիների համար: Կա ներքին համակարգման խնդիր՝ տեղեկատվության ազատության պատասխանատու, տեղեկատվության վարչություններ: Երբեմն չես հասկանում, թե կոնկրետ ում պիտի դիմես, որ ժամանակին լիարժեք տեղեկություն ստանաս: Կառավարության պետական մարմինները պիտի ակտիվ լինեն սեփական նախաձեռնությամբ իրենց մոտ առկա տեղեկությունը հրապարակային դարձնել: Միայն սոցիալական ցանցերում գրառումներ անելով՝ ամենևին չեն կարող ասել, որ դրանով բավարարում են հասարակության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Զուգահեռաբար կայքերի և ավանդական կայքերի միջոցով տեղեկատվության հրապարակումը պիտի ավանդույթ դառնա»:
Շուշան Դոյդոյանը ցավով արձանագրեց, որ այս ամառվա ընթացքում տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրությունը մոտ է 2008-ի վիճակագրությանը. «Ցավոք, ունենք դեպքեր, ինչը չէինք ունեցել երկար ժամանակ, օրինակ՝, որ ասվում էր՝ կներեք՝ ձեր հարցումը հայտնվել է սփամների մեջ, կամ հարցումների մեկ երրորդին սկսեցին պատասխան չտալ: Այստեղ հիմնական խնդիրը չիմացությունն է և ներքին կոորդինացիայի պակասը: Դեպքեր ունենք, որ ամենապարզ հարցերին սկսել են տասնհինգ օրից շուտ չպատասխանել»:
Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը շեշտեց՝ կառավարությունը հանձնառու է տեղեկատվության ապահովման ոլորտում իր պարտականությունների կատարմանը. «Տրամաբանական չէ հանրային հասանելիության տեղեկատվությունը փակ պահելը: Կառավարությունը թաքցնելու ոչինչ չունի և չպետք է ունենա: ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո այս ոլորտում ևս փոփոխություններ պիտի տեղի ունենան: Ուզում եմ, որ ժանգոտ բանալի մրցանակը մնա դարակում և ժանգոտի, իսկ ոսկե բանալիները մեծ պահանջարկ ունենան»:
«Ոսկե բանալի» մրցանակի արժանացան ՀՀ արդարադատության նախարարությունը «E-request» հարցումների էլեկտրոնային գործիքի ներդրման համար, Բաց կառավարման գործընթացների համակարգող, կառավարության աշխատակազմից Լիլիա Աֆրիկյանը՝ կառավարություն-քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության ապահովման համար: «Իրավունքի ուժ» ՀԿ-ն ևս արժանացավ «Ոսկե բանալիի»: Տեղեկատվության ազատության ոլորտի խնդիրները հետևողականորեն լուսաբանած ԶԼՄ ճանաչվեց ampop.am-ը՝ արժանանալով «Ոսկե բանալիի»:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց՝ պատահական չէ, որ տեղեկատվության ազատությունը դարձել է սահմանադրական և կոնվենցիոն իրավունք, իսկ այդ ազատության առկայությունը՝ ժողովրդավարական հասարակության ցուցիչ. «Տեղեկատվության ազատությունը նախապայման է՝ նախապայման, որ մարդիկ ունենան հնարավորություն ստանալու տեղեկություններ իրենց իրավունքներն իրականացնելու համար և տեղեկություններ իրենց իրավունքները վերականգնելու համար, տեղեկություններ իրենց հետաքրքրությունները բավարարելու համար, աշխատելու և իրենց համար բարիք ստեղծելու համար, նաև՝ տեղեկություններ իրենց անունից և իրենց համար գործող իշխանությանը, պաշտոնյային վերահսկելու համար և տեղեկություն՝ ստիպելու համար, որ այդ նույն իշխանությունները և պաշտոնյաներն իրենց հանդեպ արդար լինեն: Տեղեկատվության ազատությունը բարեկեցության նախապայման է և մարդու այլ իրավունքների իրականացման երաշխիք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ