Սեպտեմբերի 26-ին Վիեննայում բացվեց Viennacontemporary-2018 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում էին գրեթե բոլոր աշխարհամասերից Ավստրիայի մայրաքաղաք ժամանած հարյուրավոր արվեստագետներ, հեղինակային խմբեր, ստուդիաներ:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն այս տարվա գլխավոր հյուր էին հռչակել Հայաստանը, որը և ներկայացվեց որպես կիզակետում գտնվող երկիր՝ Focus:Armenia խորագրով: Այդ կապակցությամբ Հայաստանի արվեստի հիմնադրամին տրամադրվել էր մի ամբողջ պավիլիոն, ուր ցուցադրվեցին հայ ժամանակակից արվեստը ներկայացնող Հայաստանից և սփյուռքից ժամանած արվեստագետների մի շարք գործեր՝ լուսանկարներ, ինստալիացիաներ:
«Կիզակետում Հայաստանն է» խորագրով պավիլիոնի հանդիսավոր բացումը կատարեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով հայ արվեստը ներկայացնելով սրահում հավաքված հյուրերին, անդրադարձավ ավանդույթներով լի ու միաժամանակ մշտապես զարգացող այդ ուղղությանը, որի կարևորագույն հիմքը պրպտող ու ստեղծագործող հայ միտքն է: Նա շեշտեց, որ հայ ժամանակակից արվեստը լավագույնս է արտահայտում երկրում մշակութային բազմաշերտությունը և բարձր գնահատեց աշխարհասփյուռ հայության, հայ արվեստագետների աշխատանքները, որոնք իրենց փոքր, բայց շոշափելի ներդրումն են ունեցել համաշխարհային բազմագույն խճանկարի կերտման մեջ:
Դեսպանը երախտագիտության խոսքեր հայտնեց ինչպես ցուցահանդեսի կազմակերպիչներին, այդպես էլ Հայաստանի արվեստի հիմնադրամի ղեկավարությանը և դրանց աջակցող կազմակերպություններին:
ՀՀ ԱԳՆ