Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ մտահոգությունը իմ մուծած հարկերն են, որ ուզում եմ հալալ լինի Հանրայինին, և նամուսով աշխատեն. Լևոն Բարսեղյան

Սեպտեմբեր 28,2018 19:15

«Այն մարդիկ, որոնք իրենց տեղեկատվությունն իրավապահների գործունեության վերաբերյալ ստացել են Հ1-ից՝ գնահատել են 15, իսկ այն մարդիկ, որոնք իրավապահ մարմինների վերաբերյալ տեղեկատվությունն ստացել են սոցիալական ցանցերից, գնահատել են 0»,- ներկայացնելով իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները՝ «Հանրային հեռուստաընկերության դերը նոր Հայաստանի կայացման գործում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Արթուր Սաքունցն անկեղծացավ՝ երկար ժամանակ Հ1 չի նայել և կուզենար, որ իրեն՝ որպես ՀՀ քաղաքացի այնպիսի մի բան առաջարկվեր, որ ինքը անտարբեր չմնար: Դառնալով Հանրայինի ղեկավարությանը՝ Արթուր Սաքունցն ասաց. «Հորդորում եմ՝ եղեք բաց, ծրագրային քաղաքականության մշակման առումով համարձակ եղեք, վերանայեք, քննարկեք, մի պաշտպանվեք, բայց միաժամանակ քաջություն ունեցեք ընդունել, որ այն չի եղել, ինչպես պետք էր»:

Հանրայինի հեռուստառադիոընկերության խորհրդի գործունեության մասին՝ Արթուր Սաքունցն ասաց. «Հ1-ի խորհուրդն այս կազմով գործել է սահմանված դրույթներին հակառակ․ոչ մեկ իրավունք չունի ասել, որ այն պաշտոնական լրատվամիջոց է»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ Հանրայինը պետք է իր մոտեցումները փոխի. «Հ1-ը պետք է արտահայտի այն իրական բազմազանությունը, որն առկա է երկրում, և դա անելիս շատ հաճախ շրջանցի  պատվերն ու պետական ասվածը»։ Անդրադառնալով Հանրայինին պետությունից տրվող գումարների մասին հարցին՝  Աշոտ  Մելիքյանը նկատեց, որ երբ Հ1-ին ասում են, թե դուք ահռելի գումարներ ենք ստանում, Հանրային հեռուստաընկերության ղեկավարներն ասում  են, որ այդ գումարը չի հասնում միայն Հ1-ին, այլ այն դրանից բաժին է հասնում  Շիրակի Հանրային  հեռուստաընկերությանը և Հանրային ռադիոյին. «Երբ գումար պետք է բաժանել, Հ1-ը հիշում է Շիրակին, երբ թվայնացման հարց կա՝ ոչ, և նրանք շարունակում են իրականացնել անալոգային հեռարձակում»:

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը հիշեց՝ այնպիսի խայտառակ դրվագներ, ինչպիսին մեզ է տվել Հանրայինը, չի տվել որևէ այլ լրատվամիջոց: Նա ցավով նշեց՝ այդպես էլ չունեցանք մեր երազանքների հեռուստաընկերությունը. չապահովվեց բազմակարծությունը. «Եղավ այնպիսի մի հեռուստառադիոընկերություն, որը հաճախ իշխանության քարոզչության մեքենա համարեցինք և մինչև գովազդի սահմանափակումը փող տպելու մեքենա: Ինձ քիչ հետաքրքիր է դարձել Հանրայինը, թե ինչ կհեռարձակի, ինչ՝ ոչ, իմ միակ մտահոգությունը իմ մուծած հարկերն են, որ ուզում եմ հալալ լինի այդ հեռուստաընկերությանը, և նամուսով աշխատեն և մատուցեն այն, ինչ նախատեսված է օրենքով: Այլևս քաղաքացիական հասարակության վրա ազդեցություն Հանրային հեռուստառադիոընկերությունը չունի»:

Ըստ Լևոն Բարսեղյանի՝ Հանրային հեռուստաալիքի համար վարկանիշը որևէ կերպ առաջնային թիրախ չպետք  է սահմանվի. «Օրենքով Հանրայինը բազմակարծություն պիտի ապահովի: Օրինակ՝ ազգային փոքրամասնությունների կյանքի լուսաբանումը չի կարող ոչ մի կերպ բարձր վարկանիշ ապահովել հնդկական կինոյի պես, ուստի դա  սահմանել թիրախ, նշանակում է այլ ճանապարհով գնալ և ընկնել թիրախը: Հիմա, բարեբախտաբար, օրենքով Հանրայինը գովազդից զրկված է»:

Լևոն Բարսեղյանը հարց բարձրացրեց՝ ի՞նչն էր խանգարում Հանրայինին բանավեճեր կազմակերպել վերջին հինգ-վեց ամիսների ընթացքում:

Հ1-ի ստեղծագործական տնօրեն Վահագն Թևոսյանի պնդմամբ՝ անկախ նրանից Հանրայինն ունի վարկանիշ, թե ոչ, Հանրայինի լուրերը նայում են և շատ հաճախ առաջինն են լինում լուրերում: Ըստ Վահագն Թևոսյանի՝ վարկանիշը կարևոր է, որ լինի ողջ եթերացանցում. «Կարևոր է վարկանիշը, որ այն, ինչ օրենքով սահմանված կարգով տրված է  Հանրայինին, կարողանա իրականացնել, հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչու են այդ փողերը գալիս Հանրային, եթե վարկանիշ չունի և իրեն չեն նայում»:

Դառնալով Լևոն Բարսեղյանի այն կարծիքին, թե իրեն արդեն չի հետաքրքրում՝ Հանրայինով ինչ է հեռարձակվում, Վահագն Թևոսյանը դա ճիշտ մոտեցում չհամարեց:

Մյուս մտահոգության առիթով, թե բանավեճեր չեն կազմակերպվում, Վահագն Թևոսյանն արձագանքեց. «Չեք պատկերացնի` անձամբ իմ ջանքերը փորձել բերել մարդկանց… Մարդիկ չեն գալիս քննարկումների»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930