ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Ղազախստանի Հանրապետության Եվրասիական ազգային համալսարանի ռեկտոր, Ղազախստանի ԳԱԱ ակադեմիկոս Եռլան Սիդիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության և գիտության ոլորտի համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Կողմերն ընդգծել են, որ կրթության և գիտության ոլորտում առկա ներուժն արդյունավետ չի օգտագործվում: ՀՀ ԿԳ նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է միջբուհական կապերի ամրապնդումը և համատեղ գիտական ծրագրերի իրականացումը: Անդրադառնալով աշխատանքային այցի արդյունքներին` ռեկտոր Ե. Սիդիկովը տեղեկացրել է, որ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ կնքվել է համագործակցության հուշագիր, որը համագործակցությունն ընդլայնելու առաջին կարևոր քայլն է: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ռեկտորների խորհուրդ ձևավորելու, համատեղ գիտական լաբորատորիաներ ստեղծելու և անդամ երկրների ազգային լեզուներով թարգմանական գրականություն հրատարակելու հարցերը: Կարևորվել է նաև ուսանողների փոխանակման հարցը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն