Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա հակաքարոզչություն էր». ԲՀԿ-ն ԿԸՀ-ից պահանջում է պատասխանատվության ենթարկել Դանիել Իոաննիսյանին

Սեպտեմբեր 28,2018 18:30

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում քննվեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր-ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի դիմումը, որը վերաբերում է ընտրությունների նախորդ օրը՝ լռության օրը կազմակերպված մամուլի ասուլիսին, որում դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» կառույցի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, թե ԲՀԿ-ն գումար է բաժանել իր ֆլեշմոբի մասնակիցներին:

«Պնդում ենք, որ լռության օրն ասուլիս հրավիրելն ու հակաքարոզչություն իրականացնելն Ընտրական օրենսգրքի խախտումներ են: Ակնհայտ է, որ լռության օրը ԲՀԿ-ի հանդեպ հակաքարոզչություն է իրականացվել, տարածվել է ապատեղեկատվություն, ինչը բացասաբար է ազդել ընտրողի կարծիքի վրա, որն էլ փաստում է ընտրություններում կուսակցության ստացած քվեների թիվը»,-ասված է դիմումի մեջ: Նաեւ նշվում է, որ ԿԸՀ անգործությունը տարակուսանք է առաջացնում:

Դիմումով ԲՀԿ-ն պահանջում է հարուցել վարչական վարույթ եւ մեղավորներին ենթարկել պատասխանատվության: Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել էր միջադեպը, ուստի այսօր վստահեցրեց, որ ԿԸՀ անգործության մասին խոսք լինել չի կարող: Տիգրան Մուկուչյանը խնդրեց պարզաբանել, թե ինչ ասել է «պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:

Ռուբեն Մանուկյանը պարզաբանեց. «ԿԸՀ-ն պարտավոր էր այդ օրը, կամ՝ հաջորդ օրը, դադարեցնել այդ դիտորդական առաքելության լիազորությունները: Դուք որոշեք, թե ԸՕ խախտումների դեպքում ինչպես պետք է պատասխանատվության ենթարկել»:

Պատասխանող կողմը՝ Դանիել Իոաննիսյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ամեն ելույթ եւ հայտարարություն չի կարող համարվել քարոզչություն, այլապես կստացվի, որ ԶԼՄ-ների կողմից քվեարկության օրվա լուսաբանումը եւս քարոզչություն է. «Օրենքը սահմանում է, որ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ հրապարակային հայտարարություններ անելու իրավունք մենք ունենք»:

Տիգրան Մուկուչյանը նկատեց. «Եթե ասուլիսում հայտարարել եք, որ գումար բաժանելու փաստը ոչ հերքվել է, ոչ՝ հաստատվել, ինչո՞ւ եք քաղաքական ուժի անուն հնչեցնում, նպատակը ո՞րն է»:

Իոաննիսյանը պատասխանեց. «Մենք պնդում ենք, որ գումարի մասին ահազանգեր են եղել: Դա է եղել էությունը, ոչ թե այն, որ այդ ահազանգերը ոչ հաստատվել են, ոչ՝ հերքվել»: Դանիել Իոաննիսյանը պնդեց, որ անգամ, եթե ԿԸՀ-ն որոշի դիմել դատարան, վերջինս էլ իրեն տուգանքի կենթարկի, ինքը հաջորդիվ էլ չի պատրաստվում հանրությունից գաղտնի պահել, թե որ կուսակցությունն է գումար բաժանում հավաքի մասնակիցներին: Քննարկման ավարտին Դանիել Իոաննիսյանը ԿԸՀ-ին փոխանցեց հեռախոսազրույցի ձայնագրություն, որում անձը փաստում է ԲՀԿ-ի կողմից իրեն գումար տալու մասին: Ձայնագրությունն ուսումնասիրելու եւ կողմերի կարծիքներն ի մի բերելու նպատակով ԿԸՀ-ն նիստն ընդմիջեց մինչեւ վաղը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930