Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն այսօր՝ 153-րդ թատերաշրջանին ընդառաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, մի շատ հետաքրքիր պատմություն ներկայացրեց՝ կապված «Հարսանիք թիկունքում» ներկայացումը դիտելու համար հրավիրատոմս խնդրող մի հանդիսատեսի հետ։
«Ինձ անընդհատ մեկը զանգահարում էր ու հրավիրատոմս խնդրում, իսկ մենք նույնիսկ տոմսեր չէինք կարողացել պահել, որովհետև արագ սպառվում են։ Շատ հարգարժան մարդ էր խնդրողը, մենք գտանք 4 հրավիրատոմս ու տվեցինք իրեն։ Երբ որ հրավիրատոմսերը տվեցի, մի ծրար տվեց, հարցրեցի՝ սա ի՞նչ է, ասաց՝ սա բացիկ է, մեր շնորհակալությունն ենք ուզում փոխանցել ձեզ հրավիրատոմսի համար։ Ես ու Լյուդվիգ Հարությունյանը (խոսքը թատրոնի գլխավոր ռեժիսորի մասին է, Ա․Ն․) բացեցինք շնորհակալության բացիկը, մեջը 100 եվրո էր։ Եվ մենք էդ օր լավ քեֆ արեցինք, փաստորեն թանկարժեք հրավիրատոմս էր»,-ծիծաղելով պատմեց Տիգրան Վիրաբյանը։
Բանախոսներից Հրանտ Թոխատյանն էլ կարծիք հայտնեց, որ հրավիրատոմս հասկացողությունը քիչ-քիչ պետք է դուրս գա թատրոնից։
«Միգուցե կլինեն մարդիկ, որոնց պետք է հրավիրես, բայց հիմնականում, երբ որ զանգում են, թե մեզ էլ հրավիրի, ինչի՞ պիտի հրավիրատոմս տա թատրոնը, այ, էդ եմ ուզում հասկանամ։ Կա դրամարկղ, արված է աշխատանք, ախր որևէ մեկը չի գնում որևէ այլ առևտրային կազմակերպություն, չգիտեմ խանութ, բան ու ասի՝ գիտեք, այ էս ինչը հրավիրատոմսով տվեք, ես տանեմ մեր տուն, ինչի՞ համար։ Նույնը թատրոնում է, արված աշխատանք է, աշխատանքը պիտի գնահատվի, կա տոմս, խնդրեմ, բարի եղեք, գնացեք, տոմսերը գնեք, եկեք թատրոն։ Ես չգիտեմ՝ ինչպես է պետական թատրոններում, բայց մենք քիչ-քիչ հանում ենք հրավիրատոմսը», -ասաց Հրանտ Թոխատյանը։
Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ