Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տոմսի գնի պատճառով չի կարողացել թատրոն մտնել, առաջարկել է իր աճեցրած բերքը»․ Հրանտ Թոխատյան

Սեպտեմբեր 28,2018 17:19

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում հոկտեմբերի 6-ին «Բայ բայ լեյդի» ներկայացմամբ կազդարարվի 153-րդ թատերաշրջանի բացումը։ Այսօր թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու Հրանտ Թոխատյանը, որը ներկայացման գլխավոր դերակատարն է, մամուլի ասուլիս էին հրավիրել։ Ի դեպ, ասուլիսը տեղի էր ունենում թատրոնի նորաստեղծ ու ամենաինքնատիպ սենյակում, որը կոչվում է «Տանիքի տակ»։

Գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, խոսելով նոր ներկայացման մասին, ասաց, որ այն ֆրանսիական կատակերգություն է, սիրո մասին է, գունեղ է ու սիրուն, նաև համարձակ է։

«Մեր ներկայացման մեջ կա և՛ ուրախություն, և՛ տխրություն, և՛ սեր, և՛ ինտրիգ, ինչու չէ նաև համարձակ ներկայացում է իր թեմայով, իր մեկնաբանությամբ։ Մի ծեր մարդու պատմություն է, որը պատահաբար հայտնվում է մի իրավիճակում ու կյանքի ընթացքը փոխվում է։ Ներկայացման ասելիքն այն է, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում կարող է ինչ-որ բան փոխել, յուրաքանչյուր մարդ՝ անկախ իր տարիքից, իրավունք ունի սիրելու և սիրվելու, և երբեք չես կարող ասել, որ ամեն ինչ վերջացած է․ ինչ- որ մի տեղ ինչ-որ մի լույս է վառվում։ Ասեմ, որ այս պատմության մեջ փոքրիկ մելոդրամա էլ կա․ մարդը երբեք մենակ չպիտի ապրի, սեր պիտի լինի իր մեջ, իսկ եթե սեր կա, ուրեմն կյանքի գույները կընկալես, կլուսավորես ու կուղղես մարդկանց, ինչպես տվյալ դեպքում ուղղում է մեր պրոֆեսորը, մեր պարոն Թոխատյանը։ Ինձ համար՝ որպես ստեղծագործողի, մեծ պատիվ է աշխատել այն վարպետի հետ, որն ունի տարիների փորձ ու շատ է աշխատել տվյալ ժանրում », -ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Նա նշեց, որ այս թատերաշրջանը սկսվելու է ուրախ տրամադրությամբ․ հիշեցնենք, որ նախորդ թատերաշրջանի ամենաազդեցիկ, աղմկոտ ներկայացումն արցախյան պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էր, որը դիտելիս՝ հանդիսատեսն անկարող է չարտասվել։։

Հրանտ Թոխատյանն էլ ասաց, որ այս տարին հոբելյանական է իր համար, լրանում է իր 60-ամյակը, որը և կնշի Գյումրիում՝ բեմում։ «Ես կնշեմ Գյումրիում ու պատիվ կունենամ բարձրանալ այն բեմը, որտեղ որ մեծագույն վարպետներ են խաղացել»,- ասաց սիրված դերասանը։

Նա ասաց, որ իր ստեղծած ոչ խաղացանկային թատրոնի (տվյալ դեպքում դերասանը ինքն է ընտրում այն դերը, որն ուզում է խաղալ) ու պետական թատրոնի հետ համագործակցություն մինչ այս չի եղել, համագործակցության փորձերն անհաջող են անցել ու հասկացել է, որ անիմաստ է։

«Այս անգամ ես կարծում եմ, որ կստացվի անել այն, ինչը չէր ստացվում, հոտնկայս կարելի է ծափահարել Տիգրան Վիրաբյանին և Լյուդվիգին Հարությունյանին, որ այս էքսպերիմենտին իրենք պատրաստակամությամբ եկան, ես էլ մեծ հաճույքով համաձայնեցի: Կարծում եմ, որ սա կտա իր արդյունքները։ Անգամ տարածությունը՝ գնալ-գալ և զբաղվածությունը որևէ կերպ չէին կարող խանգարել, որպեսզի մենք կայացնեինք մեր ներկայացումը։ Վերցրեցինք ամենաթեթև ժանրը՝ կոմեդիայի ժանրը, որովհետև դա ավելի հեշտացրեց մեր խնդիրը, բայց ես մեծ հույսեր եմ կապում, և առաջին անգամն եմ ասում՝ եթե մեզ հաջողվի ներկայացումը, ես երջանիկ դերասաններից կլինեմ, եթե ստանամ 2-րդ,3-րդ, 4-րդ հրավերը, եթե կարողանամ Գյումրու բեմի վրա խաղալ և դա կանեմ մեծ հաճույքով։ Երևանում դա չստացվեց։ Մեր համագործակցությունը պետական թատրոնների հետ չի ստացվում որևէ կերպ, ավելի հեշտ է մեր ներկայացումների համար վարձել թատրոնի շենքը ու խաղալ, այդպես շատ ավելի հանգիստ ու շատ ավելի հետաքրքիր է մեզ համար։

Այս անգամ ես կարծում եմ, որ հետաքրքրությունը, մեր պատրաստակամությունն ավելի մեծ կլինի, ու սա կլինի սկիզբ նրան, որ մայրաքաղաքի թատրոնները սկսեն գնալ դրան, որովհետև այն վիճակում, որում գտնվում են հիմա մեր թատրոնները, ուղղակի կարելի է լացել ու ողբալ, ինչը որ որ էսօր կատարվում է։

Մինչև թարմ արյուն չմտնի թատրոն, մեզ մոտ, ցավոք սրտի, ոչինչ չի ստացվի։ Էքսպերիմենտալ ներկայացումներն էլի մնում են խաղացանկից դուրս: Փառք էն թատրոններին, որոնք իրենց բեմը երիտասարդ ռեժիսորներին, երիտասարդ դերասաններին են տրամադրում։ Այն, ինչ այսօր կատարվում է Գյումրիում, դա ահավոր մեծ քայլ է առաջ Հայաստանի թատերական աշխարհում»։

Հրանտ Թոխատյանը հիացած է Գյումրու թատրոնում տիրող մթնոլորտով, նրանց բռնած ճանապարհով, տնօրենի ու ռեժիսորի վարած քաղաքականությամբ։ Նրա բնութագրմամբ, իր համար անսովոր վիճակ է, քանի որ թատրոնի այս տեսակը երբեք չի եղել իր մոտ, լրիվ այլ մոտեցումներ են այստեղ։

Նրա համոզմամբ՝ Գյումրու թատրոնից դերասանները չեն փախնի սերիալներ կամ ուրիշ թատրոններ, չեն փորձի գնալ Երևան, քանի որ դերասանի համար Գյումրիում ստեղծվում են այնպիսի պայմաններ, որ պատիվ կլինի մնալ իրենց քաղաքի թատրոնում։

«Կլինեն հրավերներ, կգնան, խաղան, կվերադառնան, բայց այն մթնոլորտը, որ կա․․ Վերջին անգամ իմ կյանքում այ էս նույն մթնոլորտն ինձ վերադարձեց 18 տարեկանը, երբ մենք սկսեցինք կառուցել Կամերային թատրոնը։ Այդ նույն վիճակն է, այսինքն՝ ամբողջ կյանքն անցնում էր թատրոնում, ամբողջ ժամանակը, նույն այսօր Գյումրիում է։ Զգում ես, որ թատրոնը շնչում է, առավոտից գիշեր այստեղ մարդիկ են, բոլոր զբաղված են, բոլորը ինչ-որ բան են անում: Անգամ իրենց ազատ ժամանակն անցկացնում են իրենց տանը, դարձել է տուն։ Ամենակարևորը՝ եթե թատրոնը չդառնա տուն, մնա աշխատանք, ոչինչ չի ստացվի։ Ներկայացումները կլինեն անհետաքրքիր, հանդիսատեսն էլ չի գա, ու այդ դեպքում դժվար կլինի արդարացնել, թե մեր ներկայացումը չեն հասկանում, հանդիսատեսը թատրոն չի սիրում։ Սո՛ւտ է, հայ հանդիսատեսը միշտ սիրել է թատրոնը։

Գիտեք, մենք Տիգրանի հետ զրուցել ենք այդ թեմայով, մարդիկ եկել են թատրոն որևէ շրջանից, տոմսի գնի պատճառով չեն կարողացել, առաջարկել են իրենց աճեցրածը բերել, գալ, որպեսզի ստանան թատրոնի տոմս։ Մարդը ինչքանով է պետք ուզի թատրոն գալ իր ընտանիքի հետ, որ պատրաստ լինի իր բերքը կամ մթերքը փոխանակի տոմսի հետ։ Դա ամենամեծ գնահատականն է մեր հանդիսատեսի։ Երևի մենք ավելի շատ մեր հանդիսատեսին պիտի ծափահարենք, քան ինքը մեզ, մինչև որ արժանի չլինենք այդ ծափահարություններին»։

Հրանտ Թոխատյանը նաև նշում է, որ վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամն է, որ հանդիսատեսը չի զլանում ու այլ քաղաքներից գալիս է Գյումրի՝ ներկայացում նայելու։ «Մարդիկ իրենց քաղաքում են ալարում գնան թատրոն, իսկ այստեղ մարդիկ չեն ալարում նստել մեքենա, ավտոբուս, տրանսպորտային որևէ միջոց, գալ, հասնել Գյումրի նպատակասլաց ներկայացում նայելու, դա շատ կարևոր փաստ է։ Ու երկրորդը, ցավոք սրտի, այդքան ակտիվ երևույթ չէ թատրոններում, բայց Գյումրու դրամատիկական թատրոնը, ունենալով իր գլխավոր ռեժիսորին, մեծ հաճույքով բեմը տրամադրում է այլ ռեժիսորների՝ այլ թատրոններից ու այլ քաղաքներից։ Այսինքն՝ սեփականատիրոջ էգոիզմը չկա, բեմը բաց է, խնդրեմ՝ եթե ունես անելու ներկայացում, քեզ համար ստեղծվում են բոլոր պայմանները, արի և ստեղծագործի, ինչն էսօր մյուս թատրոններում էդքան հաճույքով չեն անում», -ասաց Հրանտ Թոխատյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930