Aravot.am–ի հարցին, թե ՀՀԿ պատգամավորները նշում են, որ վերջին ամիսներին կառավարության արձանագրած դրական արդյունքները նախորդ կառավարության աշխատանքի արդյունքն է, նոր կառավարությունն ի՞նչ է արել այս 4 ամիսների ընթացքում, որի արդյունքն անդրադարձել է տնտեսական ցուցանիշների վրա, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ միանշանակ այդպես չէ: Միանշանակ հեղափոխությունից հետո տնտեսական ակտիվության ցուցանիշները կտրականապես աճել են եւ դա վերաբերում է գրեթե բոլոր ոլորտներին: Այսինքն՝ տնտեսությունը հստակ արձագանքում է այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել: Սա դրական լիցքերի վրա հիմնված ակտիվություն է, որը արդեն պետք է մի փոքր ինստիտուցիոնալ դաշտ բերեն եւ հենց այդ ուղղությամբ էլ կառավարությունը աշխատում է»:
Տիգրան Ավինյանն ասաց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ այլ ուղղությունները ներդրողներին առաջարկում են. «Շատ կարճ ժամկետում տնտեսական փոփոխություններ գրեթե անհնար են, բայց հնարավոր է շատ կարճ ժամկետում սկսել դնել այն հիմքերը, որով հնարավոր կլինի 5-10 տարվա ընթացքում ապահովել մեր զարգացումը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Փոխվարչապետն այսօր մասնակցեց Եվրոպայի Բիզնես ներդրողների ցանցի՝ EBAN-ի՝ համաժողովին: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ստարտափ էկոհամակարգը զարգացնելու նպատակով: Ինչպես միջոցառման կազմակերպիչները նշեցին, այս ոլորտում մեծ փորձ ունի Եվրոպայի Բիզնես ներդրողների ցանցը, որը Հայաստան է բերել բիզնես հրեշտակների մշակույթը: Բիզնես հրեշտակները ֆիզիկական անձինք են, որոնք տարբեր ոլորտներում հաջողությունների են հասել, ունեն փորձ, գիտելիք կապեր եւ պատրաստ են նոր սերնդի ստարտափների մեջ ներդրումներ անել:
Բիզնես հրեշտակների ներդրումները ոչ միայն գումարի տեսքով են, այլ՝ գիտելիքի, փորձի: Միջազգային փորձը ցույց է տվել, որ բիզնես հրեշտակները կարճ ժամանակահատվածում մեծ շահույթներ են ապահովում:
Տիգրան Ավինյանն ու տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը EBAN-ի ցանցի պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենին ներկայացրին այն ոլորտները, որտեղ բիզնես հրեշտակները կարող են ներդրումներ անել:
Տիգրան Ավինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե նոր կառավարության օրոք ներդրողները ավելացե՞լ են թե՝ պակասել: Ի պատասխան, փոխվարչապետն ասաց, որ այս պահին մեծ քանակի հայտեր կան ներդրումների եւ կանգնած են այն փուլի վրա, որ պատրաստ են ներդրումներ անելու. «Բայց ենթադրում եմ, եւ սա շատ բնական է, բոլորը նաեւ սպասում են այն հիմնական փոփոխությանը, որը տեղի է ունենալու: Դա Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են: Եվ, կարծում եմ Ազգային ժողովի ընտրությունները պետք է անել, որքան հնարավոր է շուտ, որպեսզի բոլոր այդ, այսպես ասած, վերջին կաթիլ մտահոգությունները նույնպես փարատվեն»:
Հարցին, թե արդյոք ճի՞շտ է Հարկային օրենսգիրքը այդքան հաճախ փոփոխելը, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Հարկային օրենսգիրքը շատ փոփոխման ենթակա փաստաթուղթ չպետք է լինի: Այն պետք է փոխվի մեկ անգամ եւ երկարաժամկետ դրվածն այդ կետից դրվի, որպեսզի բիզնեսը կարողանա ընդունել այն օրենքները, որը որ կառավարությունը ունի: Այս փուլում, այն ինչը, որ քննարկում ենք, արվում է երկարաժամկետ հարկային օրենսգիրք ունենալու համար»:
Փոխվարչապետի խոսքով մասնավորապես՝ Հարկային օրենսգիրքը պարզեցվում է, կրճատվելու են հարկատեսակները, միանշանակ նվազեցվելու է եկամտային հարկը եւ այլ հարկատեսակների հետ կապված որոշակի լուծումներ են տրվելու, փոքր բիզնեսին հնարավորինս ազատելու են հարկերից, որպեսզի կարողանան կայանալ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ