Լրահոս
Օրվա լրահոսը

Եկող տարի էլ ենք Սեւանից ջուր վերցնելու. Ջրային կոմիտեի նախագահ

Սեպտեմբեր 28,2018 16:44

«Ձկնաբուծության արդյունքում Սեւ ջուր գետն արդեն իսկ չորացել է, այնինչ ժամանակին այդ գետը ոռոգելի տարածքներին մեծ ծավալով ջուր էր ապահովում»,- այսօր խորհրդարանում կազմակերպված «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը: Ըստ նրա, Արարատյան դաշտավայրում արտեզյան ջրերի պաշարներն այսօր հյուծվում են, քանի որ ձկնաբուծական տնտեսությունների ծավալների անասելի աճ կա:

Ըստ նրա, Եղեգիս գետի վրա ջրամբարի կառուցման պարագայում հնարավոր կլինի այդ հատվածում կարգավորել ջրի ծավալները։

Ինեսսա Գաբայանը խոսեց նաեւ փոքր ՀԷԿ-երից. Հայաստանում գործում է ընդամենը մեկ ՀԷԿ, որը վերցնում է ջուրը, էներգիա արտադրում եւ ջուրը կրկին վերադարձնում ոռոգման:

«Կեչուտի ջրամբարից տարիների ընթացքում թույլատրվածից մի քանի անգամ ավելի ջրառ է իրականացվել։ Ջրառի ոլորտում կառուցվածքային փոփոխություններ են անհրաժեշտ։ Այս տարիներին խախտվել է ջուր տալու և ջուր վերցնելու գաղափարախոսությունը։ Ջուրը սխալ, անարդյունավետ է կառավարվել»,- ասաց Ինեսսա Գաբայանը`հավելելով, որ կառավարության առաջնային խնդիրներից է հիմնական ջրակետերում ժամանակակից ջրաչափ համակարգեր տեղադրելը`չնայած դրա ծախսատարությանը: Հաճախ, այդ ջրաչափերը տեղադրված են եւ չեն աշխատում`որովհետեւ ոչ ոք չի հետաքրքրվել դրանց աշխատանքով, որովհետեւ պաշտոնյաները հոգատար չեն եղել:

Խոսելով թաքնված ոռոգմամբ հողերի մասին էլ, նա ասաց, որ այդ հարցը կա, բայց դրա կարգավորումը ոչ թե ջրային պաշարների մեծացման կբերի, այլ ֆինանսական խնդիր է:

Պատասխանելով իրեն ուղղված հարցերին, Ինեսսա Գաբայանը հորդորեց` «պատրաստ լինել մարսելու այն միտքը», որ հաջորդ տարի եւս կարող է Սեւանա լճից լրացուցիչ ջրառ կատարվել. «Ես ինքս կուզեմ, որ լրացուցիչ ջրառ չլինի, բայց պետք է իրատես լինել»: Ինեսսա Գաբայանն ասաց, որ Սեւանից այս տարվա հավելյալ ջրառի ջուրը ջանացել են արդյունավետ, նվազագույն կորուստներով օգտագործել:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախաարի տեղակալ Դավիթ Գրիգորյանն էլ իր մտահոգությունները հայտնեց «Սեւան» ազգային պարկի լիազորությունների մասով. «Այն պետք է բացառապես զբաղվի բնապահպանական հարցերով, գործի բացառապես այդ տիրույթում։ Կառավարությունն իր հերթին պետք է հասկանա՝ Սեւանա լիճն ինչ հարցեր պետք է լուծի»,- ասաց նա։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն էլ Սեւանի խնդիրների համատեքստում անդրադարձավ Արարատյան արտեզյան ավազանում ջրային ռեսուրսների` տարիներ շարունակ մսխվելու հարցին. «Ժամանակին մենք ոչ թե ջրի պակասի, այլ ավելցուկի խնդիր ունեինք, իսկ այսօր լուրջ խնդրի առջեւ ենք կանգնել։ Ցավոք, ստիպված ենք լինելու կրկին դիմելու Սեւանի օգնությանը»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930