Լրահոս
Օրվա լրահոսը

Բարելավվել են ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում

Սեպտեմբեր 28,2018 16:05
mankavarjakan

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանն այսօր հայտնեցին ապագա ուսուցիչների կրթական ծրագրերում տեղի ունեցած մի շարք բարելավումների մասին «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» միջազգային գիտաժողովի շրջանակներում:

Գիտաժողովն ազդարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ձեռնարկված ՀՊՄՀ և Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանների միջև գործընկերության պաշտոնական ավարտը, ամփոփվեցին իրականացված լայնածավալ աշխատանքի հիմնական արդյունքներն ու թերացումները: Մասնակիցները քննարկեցին ներառական կրթության համակարգի բարեփոխումների հետագա ընթացքն ու տեղական կարիքները:

ՀՊՄՀ-ում դասավանդվող երկու բակալավրի և երկու մագիստրոսական ներառական կրթության ծրագրերը վերանայվել են և հարստացվել նորագույն մասնագիտական գրականությամբ՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային պահանջներին:

Ստեղծվել են չորս ուսուցողական մոդուլներ, ինչպես նաև տեսագրվել է վեբինարների շարք, որոնք առցանց հասանելի կլինեն ՀՊՄՀ-ի կայք-էջում:

ՀՊՄՀ-ի և Մինեսոտայի համալսարանի դասախոս-մասնագետների համատեղ ուժերով մշակվել է մանկավարժական ԲՈՒՀ-երի համար նախատեսված ներառական կրթության լայնածավալ դասագիրք, որն անդրադառնում է հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների որակյալ կրթության ապահովմանը:

«Կրթական և երեխայի խնամքի ոլորտների բարեփոխումների համատեքստում Հայաստանում առկա է այնպիսի մասնագետների և ուսուցիչների կարիք, որոնք համապատասխան կարողություններ ունեն ժամանակին բացահայտել զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին և ապահովել համապատասխան մասնագիտական միջամտություն: Արձագանքելով այս պահանջներին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնեց ՀՊՄՀ և Մինեսոտայի համալսարանների միջև համագործակցություն, որի նպատակն էր՝ վերանայել ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը, որպեսզի կարողանանք տրամադրել աշակերտների կարիքներին համապատասխան ուսումնառություն»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

2016-2018թթ. ընթացքում կազմակերպվել են երկու ուսուցողական այց ԱՄՆ Մինեսոտայի համալսարան, որտեղ ՀՀ կրթության ոլորտի բարձր պաշտոնյաներ, ՀՊՄՀ-ի հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսներ փորձի փոխանակման հնարավորություն, ունեցան, այցելեցին ներառական դպրոցներ, մանկապարտեզներ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ և ծառայություններ տրամադրող ռեսուրս կենտրոններ, լսեցին դասախոսություններ:

Այդ ընթացքում ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի մասնագետները Երևանում և Վանաձորում մանկավարժական ԲՈՒՀ-երի 80 դասախոսների և 200 ուսուցիչների համար անցկացրել են վերապատրաստական դասընթացներ, քննարկումներ և դասախոսություններ:

Գիտաժողովին ելույթ ունեցան ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Աֆշան Խանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և Հայաստանում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Դեբորա Գրեյզերը:

 ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930