Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոր Վիրապ»-ում օտարերկրյա զբոսաշրջիկներին կողոպտելու փորձերի համար մեղադրվող անձը դատապարտվել է ազատազրկման

Սեպտեմբեր 28,2018 16:01

«Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում այս տարվա փետրվարին կատարված արտասահմանցի զբոսաշրջիկներին կողոպտելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:

2018թ. փետրվարի 12-ին Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր երկու քրեական գործ՝ քաղաքացի Ա. Դ.-ի կողմից ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ «Խոր Վիրապ» վանական համալիր այցելած օտարերկրացի երկու զբոսաշրջիկներին կողոպտելու փորձ կատարելու դեպքերի առթիվ, որոնք միացվել էին մեկ վարույթում:

Իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել էր, որ 2018թ. փետրվարի 12-ին առավոտյան նշված անձը արտասահմանցի զբոսաշրջիկներից գումար հափշտակելու նպատակով տաքսի ավտոմեքենայով գնացել է «Խոր Վիրապ» եկեղեցական համալիր: Առանձին-առանձին մոտենալով ԱՄԷ երկու քաղաքացիների՝ նրանց ցույց է տվել Հայ-ռուսական կազակական միավորման վկայականը՝ ներկայանալով որպես ոստիկանության աշխատակից: Ժեստերով հասկացնելով, որ ցանկանում է անձնական խուզարկության ենթարկել՝ նրանց ուղեկցել է մի դեպքում եկեղեցու պարսպի մոտ, մյուս դեպքում՝ եկեղեցու տարածքում գտնվող զուգարան, ապա զննությամբ նրանց գրպաններից, դրամապանակից հանել զգալի չափերի գումարները և, հարմարեցնելով պահը, փորձել է հափշտակել ամբողջ գումարը և դիմել փախուստի: Սակայն երկու դեպքում էլ հանցագործություններն իր կամքից անկախ պատճառներով ավարտին հասցնել չի կարողացել, քանի որ մի դեպքում զբոսաշրջիկը հասցրել է բռնել նրան և ամբողջ գումարը հետ խլելով՝ հեռացել, մյուս դեպքում քաղաքացուն բռնել են եկեղեցու այցելուները:

Նույն օրը Ա.Դ.-ն ձերբակալվել է և որպես կասկածյալ հարցաքննվելիս տվել խոստովանական ցուցմունք: ԱՄԷ երկու քաղաքացիները ճանաչվել են որպես տուժող, որոնց հետ Ա.Դ.-ն առերես հարցաքննվել է: Կատարվել է նաև քննչական փորձարարություն: Փետրվարի 15-ին նրան մեղադրանք է առաջադրվել 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը ՀՀ Արարատի մարզի դատախազությունից մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատաքննության արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ և Ա. Դ.-ն դատապարտվել է ազատազրկման՝ երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ այս դեպքերից հետո, հաշվի առնելով, որ «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում կատարվող հանցագործությունները վտանգում են ՀՀ զբոսաշրջային գրավչությունն ու հեղինակությունը՝ ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագիր էր ներկայացրել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետին:

Ներկայումս հասարակական կարգի ու անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոստիկանության կողմից վանքային համալիրի տարածքում ամենօրյա հերթափոխով՝ ութժամյա տևողությամբ, կազմակերպվում է  ծառայություն:

 

ՀՀ դատախազության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930