Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Ջավադյանի սենսացիոն բացահայտումները

Սեպտեմբեր 28,2018 15:45

«Սեւանի ջրային ռեսուրսների ներկա պաշարները հաշվի առնելով՝ կարելի է պնդել, որ մեծ ռիսկի տակ են Արարատյան դաշտի 31 գյուղերի ոռոգման, խմելու ջրի, ինչպես նաեւ ատոմակայանի հովացման հարցերը»,- այս հայտարարությունն այսօր արեց Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը`խորհրդարանում կազմակերպված «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ։

«Շրջակայքի 17 հազար հա հողեր ճահճացման եւ կրկնակի աղակալման վտանգի տակ են։ Սեւանը նուրբ օրգանիզմ է։ Ջրի ծավալներն այս տարիների ընթացքում 58 միլիարդ խորանարդ մետրից իջել են 38 միլիարդ խորանարդ մետրի»,- իր սենսացիոն հայտարարությունները շարունակեց Յուրի Ջավադյանը:

Լսումներին ներկա բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչները պահանջեցին, որպեսզի բանախոսը թվարկի բոլոր պաշտոնյաների անունները, որոնք դրական եզրակացություն են տվել Ամուլսարի ծրագրին, որն էլ, ըստ նրանց, ամենաուղիղ բացասական ազդեցությունն է ունեցել լճի էկոլոգիական վիճակի վատթարացման վրա։ Յուրի Ջավադյանը կոնկրետ անուններ չնշեց, միայն հիշեցրեց, որ 2014 թվականին հանքավայրը շահագործելու դրական եզրակացություն տվել է ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Մովսիսյանը։

Այս հայտարարությանը հակադարձեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Ինգա Զարաֆյանը`ասելով, որ Վլադիմիր Մովսիսյանը մշտապես «դեմ» է եղել Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը, իրենք ունեն նաեւ գրավոր հավաստիացումները. «Սեւանը կանգնած է կատաստրոֆիկ վիճակի առաջ։ Մենք լիճը պետք է փրկենք հիմա, հենց հիմա՝ ջրի մակարդակը բարձրացնելու ճանապարհով, այնինչ անընդհատ լրացուցիչ ջրառ է իրականացվում»: Նա կարծում է, որ Սեւանը կարող է ինքնամաքրման գործընթացը փրկել, եթե ջրի մակարդակը բարձրանա:

ՀԿ-ների ներկայացուցիչները բանավեճ սկսեցին`ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մասով: Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը նկատեց. «7 միլիարդ խորանարդ ջուր ունենք, երկու միլիարդ է հարկավոր, եկեք հանգիստ թողնենք Սեւանը եւ մտածենք այդ լրացուցիչ ջրաքանակի ամբարման մասին: Սեւանը միայն ջուրը չէ: Գյուղացին իր ընտանիքով ու իր երեխաներով սպասում է էդ ջրին: Իհարկե, դա այլ խնդիր է, բազմիցս ենք անդրադարձել բաց թողնված ջրի 80-60 տոկոս կորստին: Բայց պետք չէ խնդիրները հակադրել»: Նա նկատեց, որ Արփա-Սեւանից տեղափոխվող ջուրը հնարավորություն կստեղծի Սեւանի մակարդակի որոշակի բարձրացման համար:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն էլ իր ելույթում նկատեց, որ Սեւանա լճի ջրի ամենացածր մակարդակը գրանցվել է 2001-2002 թվականներին. «Մեր բարձրացրած աղմուկից հետո ջրի մակարդակը սկսեց բարձրանալ։ Դեռ 20 սանտիմետր էլ պետք է բարձրացվի։ Այնինչ մենք արհեստականորեն թույլ չենք տալիս, որ մակարդակը բարձրանա։ Մամուլում գրում են, որ դրա պատճառն օլիգարխների՝ ափին գտնվող վիլլաներն են։ Մինչդեռ երբ Սեւանի ջրի մակարդակը բարձրացնում ենք, մեկ տարվա ընթացքում լիճը դրականորեն է արձագանքում, սկսում է ինքնամաքրման մեխանիզմներ իրականացնել։ Միաժամանակ, ջրի մակարդակը բարձրացնելը բավական դժվար գործ է, սակայն բոլոր մնացած խնդիրները պետք է ստորադասել այդ նպատակին»:

Նա անդրադարձավ նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորի դիտողությանը`ջրի թունավոր լինելու մասին, ինչն էլ զբոսաշրջության անկմանը նպաստեց: «Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ տոքսիկ ջրիմուռներ են աճել, ուրեմն ջուրը վտանգավոր է եւ ջրիմուռների ծաղկման հատվածներում ընդհանրապես ջուր մտնել չի կարելի: Դա ոչ թե ՀԿ-ների մեղքն է, այլ պաշտոնական փաստ»,- պատգամավորին հակադարձեց բնապահպանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930