Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանիի» դիմումը Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորներին՝ խորհրդարանը լուծարելուց առաջ

Սեպտեմբեր 28,2018 15:10

ԴԻՄՈՒՄ

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր, և հատկապես` Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորներին:

Հայ ազգը թմբիրից դուրս է եկել և դիրքավորվել քաղաքական խրամատներում: Ամեն ինչ պատրաստ է, նախագծված է, և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը շուտով լուծարվելու է:

Հարգելի պատգամավորներ,

2018 թվականի ապրիլի 17-ին Դուք, գտնվելով թվացյալ քաղցր նիհրի և թմբիրի մեջ, չէիք կարող կանխատեսել, որ բախվելու եք պատմական շրջադարձի հետ: Չէիք կարող պատկերացնել, որ իրականում ոչ թե շարունակվելու է Ձեր` Սերժ Սարգսյան-ՀՀԿ համատեղ կյանքը, այլ այն ավարտվելու է:

2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեից հետո՝ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Դուք ընտրակաշառքների, ճնշումների և այլ ապօրինի ու բիրտ միջոցների գործադրմամբ շուրջ 1.500.000 մարդու մասնակցությամբ ձեռք բերեցիք պատգամավորի մանդատ, կազմեցիք Ձեր և Սերժ Սարգսյանի համար խորհրդարան, որը ստացավ «6-րդ գումարում» անվանումը:

Այս տեսակի և այս որակի քաղաքական կառուցվածք ձևավորելով` ի դեմս գերլիազորություններով օժտված վարչապետի և նման քաղաքական միավորներից կազմված խորհրդարանի, Դուք չգիտակցեցիք, որ Ձեզ «ականապատել» եք: Իսկ 2018 թվականի ապրիլի 23-ից հետո Դուք, տեսնելով «ականները», չդիմեցիք քաղաքական «սակրավորներին» և չօգտագործեցիք նրանց արդյունավետ միջոցները, չդատապարտեցիք քառորդդարյա բռնապետությունը և բռնապետերին, չքանդեցիք հայկական Բաստիլը`КГБ բանտը, և չբացեցիք КГБ-ի արխիվները, չընդունեցիք քաղաքական և տնտեսական մենաշնորհները վերացնելու մասին օրենքներ, չընդունեցիք Լյուստրացիայի (գաղտնազերծման) մասին օրենք, Արցախի վիճելի կարգավիճակն օրենքի ուժով չվերացրեցիք, մեր պետության պաշտպանողական ռազմական հայեցակարգը չփոխարինեցիք կանխարգելիչ ազատագրական հայեցակարգով…

Չգիտակցեցիք, որ նորանկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և համայն հայության համար Արցախի անձեռնմխելիությունը և մեր ազատագրված սուրբ հողը սակարկության առարկա չեն:

Չհասկացաք, որ բռնապետական քաղաքական վերնախավի համար Արցախի սուրբ հողերի հանձնման պարտադրանքն այն կետն է, որին բախվելիս՝ չի կարող դիմակայել ոչ մի բռնապետ: Այդպես էր 1997-ի դեկտեմբերին, ինչը հանգեցրեց 1998-ի` Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին, ով փոխանցեց իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին, այդպես էր 2016-ին, երբ Սերժ Սարգսյանը պայմանավորվել էր պատերազմով հանձնել հողերը, ինչը կասեցվեց մեր զինված ուժերի կողմից, և հասավ այս տարվա ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ փոխանցելով իշխանությունը Նիկոլ Փաշինյանին: Այդպես է նաև այսօր, որին գումարվել է մեր սահմանադիր քաղաքական կառուցվածքի ճգնաժամը, տնտեսական ճգնաժամը և Միջին Արևելքի պետությունների մասնատման բուռն գործընթացը:

Հարգելի պատգամավորներ,

Հանուն ապագա նոր սահմանադրական կարգի և նոր, իրական, մեր ողջ հայության Ազգային ժողովի ձևավորման՝ մինչև Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի լուծարումը պայքարի և դիմադրության միջոցով Դուք էլ միացեք ժողովրդի արդար ցասմանը, ընդունեք պահանջվող օրենքները:

Հիշե՛ք՝ շուրջ 100 տարի առաջ առանց կռվի հանձնվել է մեր հինավուրց Կարսը, որը մինչ օրս շարունակում է մնալ գերեվարված:

Իրոք, արժե կռվել մեր` բոլորիս երեխաների համար, մեր Հայրենիքի համար:

Խնդրանքս է` շտապ նախաձեռնեք և ընդունեք անհրաժեշտ օրենքներ, որի միջոցով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ոչ թե կընկնի, այլ լուծարվելով՝ կվերականգնի իր իսկական առաքելությունը, կարտացոլի 10.000.000-ից ավելի հայության իղձերը և կնպաստի գերեվարված Կարսի ազատագրմանը:

https://www.facebook.com/ZaruhiPostanjyan1/videos/539967936445625/UzpfSTEwMDAwMTY4NjIwNjU3NzoyMTM1NDIyNjQ2NTIzOTIx/

Հարգանոք`

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930