«Սեւանա լճի ափամերձ տարածքներում կան ոչ միայն շենք-շինություններ, որոնք լճի մակարդակի բարձրացման 1903 նիշից ցածր են, այսինքն՝ ապօրինի են, ենթակա են քանդման, այլ կան նաեւ շենք-շինություններ, որոնք սեփականության վկայականներ ունեն ազգային պարկի տարածքում»,- այսօր այդ մասին խորհրդարանում կազմակերպված «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը`պատասխանելով ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:
Նախարարն ասաց, որ սահմանված նիշից ցածր բոլոր շինություններն ապօրինի են, բացառությամբ Սովետական միության ժամանակներից մնացած որոշակի հիդրոհանգույցների ու պոմպակայանների. «Ինչ վերաբերում է սեփականության վկայականներին, որոշ դեպքեր կան, որ ստացել են, մասնավորապես, ամբողջական թաղամասեր, եւ նոտարի, դատավորի կողմից գործողությունները, որ իրականացվել են, հաշվի չեն առել սահմանափակումները, բայց օրենսդրորեն՝ այդ նիշից ցածր բոլոր շինությունները համարվում են անօրինական»:
Սեւանի ափամերձ տարածքներում կա 4000-4500 նման շենք-շինություն: Դրանց քանդման հետ կապված նախնական հաշվարկներ՝ արդեն արվել են. 1 քառակուսի մետրի քանդման արժեքը բավականին մեծ է:
Քանդման աշխատանքները շենք-շինությունների սեփականատերերի պարտականությունն են`ըստ օրենքի, բայց եթե չեն անում, պետությունը դա պետք է անի դատական գործընթացով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ