«Հանրային հեռուստաընկերության դերը նոր Հայաստանի կայացման գործում» թեմայով քննարկման ժամանակ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը հիշեց, որ 1990-91-ին էլ իրենք էին կարծում, որ ապրում են նոր Հայաստանում: Սակայն արդեն 4-5 տարի անց իրավիճակն այլ էր:
Նա մի դրվագ պատմեց. «Ես ղեկավարում էի ռադիոն, բայց երբ 1996-ին ռադիոն սկսեց բացահայտել հացի գողությունները, ես ուղարկում էի, գնում, կշռում էին հացը, պարզվում էր՝ մեկ կիլոգրամը յոթ-ութ հարյուր գրամ է, դրա համար ինձ հանեցին գործից: Պարզվեց հացի գործարանի հետևում կանգնած էին իշխանավորներ»:
Ստեփան Զաքարյանի կարծիքով՝ պետք է ամեն բան անել, որ նույնն այսօր չկրկնվի:
Դառնալով Հանրային հեռուստաընկերության առաջ ծառացած խնդիրներին ու վարկանիշին՝ Ստեփան Զաքարյանն ասաց. «Այսօր բոլոր հեռուստաընկերությունները խնդիր ունեն: Կան խնդիրներ, որոնք կանգնած են բոլորի առաջ և այնպիսիք, որոնք մասնավորապես Հանրայինին են վերաբերվում: Խնդիրը համացանցի, սոցցանցերի տարածումն ու զարգացումն է: Ստացվում է, որ լրատվությունն իմանում ենք շատ ավելի վաղ, քան գալիս է հեռուստատեսության ժամը: Այստեղ շատ է կարևորվում, թե ինչ ձևով է այդ լուրը հաղորդվում, շատ են կարևորվում վերլուծական հաղորդումները: Բայց մենք պարտավոր ենք այս լուրերը միևնույն է տալ, քանի որ բոլորը չէ, որ այսօր ունեն այդ համացանցի հնարավորությունը»:
Հիշեցնելով, թե ինչպես էր գործում Հանրայինը Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք՝ Ստեփան Զաքարյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ցուցում էր տրված Հանրայինին, որ նա պիտի լինի առաջինը, որ լրատվությունը բոլորն անեն, քանի որ քարոզչություն էր ծայրից ծայր: Լուրերից առաջ մի ֆիլմ էր դրվում, որ բոլորը նայում են, որից հետո բոլորը լրատվությունը նայում էին: Այսօր էլ կա Հանրայինի վարկանիշի խնդիր»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ