Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւանցիները ծանր ձմեռ են ունենալու. Թեժ բանավեճ խորհրդարանում

Սեպտեմբեր 28,2018 14:14

Գեղարքունիքի մարզը ներկայացնող «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Հրանտ Մադաթյանն, որը 2007 -ից է զբաղվում Սեւանի հիմնախնդիրներով, կարծում է, որ ճիշտ կլինի, որ Սեւանի ափամերձ գոտիների մաքրման համար ներգրավվեին համայնքները: Դրա արդյունքում, ըստ պատգամավորի, եւ աշխատատեղեր կավելանան, նաեւ Սեւան լցվող կեղտաջրերի քանակը կնվազի: Այդ մասին այսօր նա իր մտահոգությունները բարձրացրեց խորհրդարանում կազմակերպված «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ:

Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց`Սեւանից բաց թողնվող ջրերից ստացված գումարներից ո՞ր մասն է Սեւանի վրա ծախսվում: «Եթե Սեւանի վրա չի դրվում`ինչո՞ւ»,- հարցրեց նա`նկատելով, որ Սեւանը միայն ջուր չի, այլ ափամերձ բնակավայրերի բնակիչներն են եւ եթե Սեւանը չլիներ, այդ մարդիկ այդ տարածքներում չէին բնակվի: Խնդրանք-առաջարկ ձեւակերպեց. «Տասը տարի առաջ ասում էինք Սեւանից բաց թողնված ջրերից երկու միլիարդ գումար է առաջանում, հիմա էլ ենք նույն թիվն ասում… կասկածում եմ թվի վրա, բայց եթե նախարարության տրամադրության տակ են այդ գումարները, ազգային պարկի միջոցով Սեւանի վրա ծախսվեն»: Պատգամավորը կողմնակից է ամեն տարի կոնկրետ քայլերով որոշել Սեւանի ճակատագիրը`օգնելու իմաստով, ոչ թե անընդհատ նույն եւ խորացող խնդիրների մասին ընդամենը խոսել:

«Դուք համաձա՞յն եք, որ վերջերս պարոն վարչապետն ասաց`ձեր եւ ազգային պարկի տնօրենի ներկայությամբ, Սեւանի ափամերձ հողերի գույքահարկի եւ հողհարկի բարձրացում կատարվի»,- հարցրեց Հրանտ Մադաթյանը` հավելելով, որ հիմա այդ մասին ընդհանրական խոսելը ճիշտ չէ. «Առանձնահատուկ`շքեղ առանձնատների մասով այլ հարց, բայց ընդհանուր առմամբ, ժողովուրդն այսօր հնարավորություն չունի: Շատերն անգամ նախկին գումարները չեն մուծել»:

«Սեւանին մոտեցեք փոքր երեխայի նման, նորահարսի նման, որովհետեւ ձեր`այս տարվա մոտեցումներից, մեր երկրից 400-500 միլիոն դրամ գումար դուրս գնաց`մեր հարեւան երկրներ, արտերկրներ: Ձեր ամեն մեկի հայտարարության պատճառով, մարդիկ ձմռանը այս տարի շատ դաժան օրեր են ունենալու: Ես Սեւանի ափին ծնվել, մեծացել եմ, էդ ծաղկումը, կանաչումը միշտ էլ եղել է: Այո, այս տարի մի քիչ շատ էր, բայց կարելի էր, չէ,՞ էդքան մեծ աղմուկ չբարձրացնել: Ազգային պարկի տնօրենը էստեղ նստած է, ինքը էդ ափամերձ ջրից վերցրեց`խմեց, մարդը ժիվոյ մեր կողքը նստած է, բայց դուք`տուրիստական կազմակերպությունների հետ միասին, ասացիք`մահացել է: Շատ կներես Վահե ջան (դիմեց ազգային պարկի տնօրենին-Ն. Գ.),- վրդովվեց պատգամավորը:

Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանն էլ միջամտեց. «Խմեց, բայց ասացին երկու ժամ հետո գնացել է հիվանդանոց ու որեւէ մեկը չհերքեց»:

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը`պատասխանելով պատգամավորի հարց-առաջարկ-վրդովմունքներին`ասաց, որ չկա որեւէ բնապահպանական լուծում, որ սոցիալ-տնտեսական խնդիրները հաշվի չի առնում, այն էլ երկարաժամկետ մակարդակով:

Ափամերձ տարածքների մաքրման մասով նկատեց`բոլոր ոչ ջրածածկ տարածքները, որոնք ենթակա են մաքրման, եւ հնարավոր է, որ տեղի բնակչությունը մաքրում իրականացնի, պետության համար կրկնակի շահավետ է: Տարիների ընթացքում այս աշխատանքը անընդհատ իրականացվել է «Սեւան» ազգային պարկի հետ: Խոստացավ. «Անպայման կտարանջատենք»:

Հարկման գումարների բարձրացման մասով էլ ասաց`միայն 2017-ին է ավել արտադրված էլեկտրաէներգիայի համար գումարները փոխանցվել էներգետիկայի նախարարության արտաբյուջեի հաշվին, 1.6 միլիարդի չափով`100 միլիոն ավել ջրառի համար. «Այս տարվա ավել ջրառի գումարները նույնպես նստելու են այդ հաշվին: Ոչ մի գումար դեռ չի ծախսվել, բայց կառավարությունում կա մոտեցում`դրանք Սեւանի կամ Սեւանին անմիջականորեն առնչվող խնդիրների լուծման համար ծախսելու: Ծրագրերի տեսքով ուղղությունները կներկայացնենք»:

Գույքահարկի բարձրացման մասով էլ նախարարը նկատեց, որ բովանդակային առումով այլ էր հարցը` կան վերցված տարածքներ, որոնք որեւէ գործունեություն չեն իրականացնում. «Խոսքը չշահագործվող տարածքների մասին է`ստեղծել պայմաններ, որ եթե իրենք չեն շահագործելու, գուցե այլք վերցնեն այդ տարածքները»:

Վարդեւան Գրիգորյանը նորից միջամտեց. «Լրացուցիչ ջրառի հարցի` հանձնաժողովում քննարկման ժամանակ, հոսանք արտադրող կազմակերպությունը մասնակցում էր եւ հարց բարձրացրեցին`դատական կարգով բողոքարկելու են կառավարության որոշումը. Բողոքարկե՞լ են, չե՞ն բողոքարկել, այդ գումարները կա՞ն, չկա՞ն… եթե ներկայացնում ենք, որ դրանք կան եւ Սեւանի խնդիրների վրա կծախսվեն, ճիշտ ինֆորմացիա կա`տվեք, այլապես սպասենք դատարանի որոշմանը»: Նախարարը հակադարձեց. «Դրա համար այս տարվա որեւէ թիվ չնշեցի, տվյալների դեռ չեմ տիրապետում»:

Հրանտ Մադաթյանը շարունակեց գույքահարկի մասով` նկատելով, որ մոտեցումները պետք է լինեն տարբեր`ըստ գոտիավորման: Բացի այդ, ասաց, որ կան 300-400 անհատ եւ իրավաբանական անձ, ձեռներեց, որ հողերը վերցրել են, բայց իրենց անունով գրանցումը չի կատարվել, մինչդեռ դրանք հսկայական գումարներ են. «Ի՞նչ կարելի է անել, եթե մարդիկ ցանկություն ունեն հողերը շահագործել»:

Նախարարը նկատեց`որեւիցե անօրինական գործունեություն չպետք է լինի: Պատգամավորը հավելեց`«նախկինում խոչընդոտներ եղել են, հիմա դրանցից ազատվա՞ծ են»:

Նախարարը հստակեցրեց` հատուկ պահպանվող տարածքների մասով, նախկինում նախաձեռնությունը եղել է քաղաքացու կողմից`իր ծրագրով, նախարարությունը մրցույթի արդյունքում թույլատրել է կամ մերժել: Հիմա նախատեսվում է, որ պետությունը կգոտիավորի տարածքները եւ կնշի վարձակալության տարածքները, ապա բաց եւ թափանցիկ տեղեկատվություն կտրամադրվի, որպեսզի մարդիկ մրցույթի չգնան արդեն բոլոր հարցերը լուծած եւ պայմանավորված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930