Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թամամյան Հովիկն է խոշտանգել մեր եղբորը ու բոլոր ապացույցները ծածկելու համար լուսամուտից գցել դուրս, որ աղմուկ չբարձրանա». Լևոն Գուլյանի քույր

Սեպտեմբեր 28,2018 14:02

«ՄԻԵԴ-ն արձանագրել է կարևոր հանգամանք, որ պետությունն ի սկզբանե առաջ է քաշել ու պնդել միակողմանի հնարավոր վարկածը, աշխատանք չի տարվել այլ ուղղությամբ»,- «Մեդիա կենտրոնում» «Լևոն Գուլյանի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի մանրամասների մասին» թեմայով քննարկմանը հայտարարեց փաստաբան Մարիամ Ղուլյանը:

Մարիամ Ղուլյանի վստահեցմամբ՝ որևէ նախադրյալ չկար փախուստի համար. այդ վարկածը նույնիսկ ծիծաղ է առաջացնում:

Հիշեցնենք՝ Լևոն Գուլյանը մահացել է 2007 թվականի մայիսին՝ ոստիկանական բաժանմունքում հարցաքննությունից հետո: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է փախուստի փորձ կատարելու ժամանակ՝ դուրս նետվելով ոստիկանության շենքի երկրորդ հարկի պատուհանից: Գուլյանի հարազատներն ու իրավապաշտպանները, սակայն, ապացույցներ են ներկայացնում, որ նրան ստորացրել ու դաժան խոշտանգումների են ենթարկել ոստիկանական բաժանմունքում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 20-ի որոշմամբ Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում 50.000 եվրո վճարել հայցվորին:

Մարիամ Ղուլյանը հայտարարեց՝ այդպես էլ չի պարզվել, թե պատուհանի վրա առկա մատնահետքերը ում են պատկանում, չպարզված է մնացել՝ ում են պատկանում հագուստի մանրաթելերը, որոնք հայտնաբերվել են նրա եղունգների տակ:

Մարիամ Ղուլյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ պետք է որպես վկա հանդես եկող անձը փորձեր փախչել այն դեպքում, երբ պետությունը պնդում է, որ ինքնակամ է եկել և ազատ էր նաև դուրս գալ:

Տեղեկացնենք՝ ՄԻԵԴ որոշումից հետո սկսվելու է գործի նոր քննություն:

Փաստաբան Արամ Կարախանյանի համոզմամբ՝ ՄԻԵԴ-ի վճիռը պարունակում է լուրջ ազդակներ գործը վերաբացելու համար. «Արձանագրել է, որ մեր քննչական մարմինները քննություն չեն կատարել: Քննարկել են միայն մեկ վարկած»: Դառնալով կասկածյալների շրջանակներին՝ փաստաբանն ասաց. «Ոչ թե ոստիկանության բաժնի մասին է խոսքը, այլ նախարարության: Ոստիկանության կենտրոնական շենքի բակում է դին հայտնաբերվել, նրան հրավիրել է հետախուզության գլխավոր վարչության պետը: Գործը վերսկսելու և օբյեկտիվ, ճիշտ քննություն տանելու դեպքում կգտնվեն կասկածյալ և մեղավոր անձինք, որոնք ուղիղ առնչություն ունեն այս սպանության հետ»:

Փաստաբանը հույս ունի, որ երկրում իրավիճակի փոփոխությունից հետո գործի վերաբացման և օբյեկտիվ քննության պայմաններում պիտի անդրադարձ կատարվի այն անձանց, որոնք ժամանակին իրենց աշխատանքը վատ են կատարել:

Լևոն Գուլյանի քույր Լիլիթ Գուլյանը հայտարարեց, թե իրենց եղբորն ի սկզբանե խոշտանգել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում. «Նրան առանց ծանուցագրի կանչել, տարել են այնտեղ, երկար ժամերով պահել, այնտեղ էլ են իրեն խոշտանգել ու բռնության ենթարկել: Դրանից հետո անհայտ պատճառով Լևոնը հայտնվեց Կենտրոն բաժանմունքում: Մինչդեռ դա Շենգավիթի բաժանմունքի գործն էր, նա էլ պիտի քններ: Ամենակարևոր մեղավորն ու մարդասպանը քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Թամամյան Հովիկն է, որը հայտնի է իր դաժանությամբ, և կարծում ենք՝ նա է խոշտանգել մեր եղբորը ու բոլոր ապացույցները ծածկելու համար լուսամուտից գցել դուրս, որ աղմուկ չբարձրանա: Դա մեր վարկածն է»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930