Լրահոս
Օրվա լրահոսը

Ժոնաթան Լաքոտ. «Երեւանը մեկ շաբաթով կլինի Ֆրանկոֆոնիայի կենտրոնը»

Սեպտեմբեր 28,2018 13:52

Հոկտեմբերի 11-12-ը Հայաստանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որի շրջանակում հոկտեմբերի 7-12-ը օպերայի հրապարակում կգործի Ֆրանկոֆոնիայի ավանը, եւ այդ ավանում, շուրջ 20 տաղավարների կողքին կտեղադրվի Ֆրանսիայի տաղավարը: Այս մասին սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Դեսպանը նշեց, որ տաղավարը կհամատեղի տնտեսական, մեդիա, տեխնոլոգիական, մշակութային  եւ կրթական միջոցառումներ: Պարոն Լաքոտը մեջբերելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքը՝ նշեց, որ ֆրանսերենն այսօր ոչ միայն կիսվելու եւ օգտագործելու համար է, այլեւ ստեղծագործելու ու հաջողության գործիք է, հնարավորությունների լեզու:

Դեսպանը նշեց, որ գագաթաժողովի շրջանակում Հայաստանը հյուրընկալելու է նաեւ այնպիսի երկրների ներկայացուցիչների, որոնց մեծ մասը Հայաստանում չունի դեսպանատներ, հետեւաբար նրանք բացահայտելու են Հայաստանն առաջին անգամ. «Այսպիսով Երեւանը մեկ շաբաթով կլինի Ֆրանկոֆոնիայի կենտրոնը»:

Նա թվարկեց այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են Հայաստանում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի համատեքստում: Իսկ բուն գագաթաժողովը նշանավորվելու է Ֆրանսիայի նախագահի այցով Հայաստան: Ֆրանսիայի նախագահին կուղեկցեն ԱԳ նախարարը եւ այլ բարձրաստիճան անձինք:

Մանրամասները` տեսանյութում:

«Գագաթաժողովը մի կողմից, Ֆրանսիայի նախագահի այցը` մյուս կողմից ինտենսիվ օրակարգ են բերում Հայաստանի եւ Ֆրանսիայի համար: Գագաթաժողովը ոչ միայն երկրների ղեկավարների միջեւ հանդիպումներն են, այլեւ տոն են հայերի համար` ֆրանկոֆոնիան նշելու առումով: Եվ Ֆրանսիան ցանկանում է ներկայացնել ֆրանսերենն իր բոլոր տարրերով»,- հայտնեց դեսպանը:

Մանրամասները` տեսանյութում:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի տաղավարին, այն դեսպանի խոսքով՝ ընդգրկում է մի քանի սեգմենտ` գործարարություն եւ զարգացում, թվային ոլորտ, մեդիաներ եւ մշակույթ, արհեստներ եւ տարածք, գիտելիք եւ լեզուներ: Ասուլիսի ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը եւ Ֆրանսիայի տաղավարի համակարգողը ներկայացրին Ֆրանսիայի տաղավարը, ասացին որ այն լինելու է փոխանակումների եւ ուսուցման վայր, բաց՝ բոլոր ֆրանկոֆոնների համար: Իսկ դեսպանի խոսքերով, այն լիովին համապատասխանելու է «ապրելու և միասին ստեղծելու» Ֆրանկոֆոն ավանի կարգախոսին:

Դեսպան Լաքոտը կարեւորեց համագործակցությունը Ազնավուր կենտրոնի հետ, ընդգծեց նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կարեւորությունը: «Եթե Հայաստանը Ֆրանկոֆոն երկիր է եւ ունի ֆրանկոֆոն երիտասարդություն, դա հենց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շնորհիվ է»: Դեսպանը կարեւորեց նաեւ թվային ոլորտը, ասաց, որ ֆրանսերենը նախ եւ առաջ թվային տնտեսության լեզու է, ընդգծեց, որ պետք է շեշտադրել տնտեսական համագործակցությունը:

Նա հույս հայտնեց, որ գագաթաժողովից հետո Հայաստանն իրեն իրապես կհամարի ֆրանկոֆոն համայնքի լիարժեք անդամ. «Ցանկանում եմ, որ գագաթաժողովը Հայաստանի համար նաեւ քաղաքականության առումով յուրատեսակ սկիզբ լինի Ֆրանսիայի եւ Ֆրանկոֆոն երկրների հետ համագործակցության համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930