ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աֆշան Խանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը:
Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ կրթության համակարգում ՅՈՒՆԻՍԵՖ -ի հետ համագործակցության հաջողված փորձ կա, որի մասին են վկայում տարիներ շարունակ իրականացվող բազմաթիվ ծրագրերը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից մեծ ուշադրություն է դարձնում ներառական կրթության խնդիրներին, որոնք ընդգրկված են կրթության համակարգի առաջնահերթությունների շրջանակում: Նա նշել է, որ օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ հանրապետության գրեթե բոլոր դպրոցների տնօրենների հետ հանդիպումների հիմնական ուղերձը եղել է այն, որ համընդհանուր ներառումն անհրաժեշտ է հասարակությանը, այլ ոչ թե՝ կրթության առանձնահատուկ կարիք ունեցողներին: Նախարարի խոսքով, համընդհանուր ներառմանն ուղղված մեր քայլերի շնորհիվ, մոտ հինգ տարի հետո մեր երկիրը կունենա համակեցության այլ սկզբունքներով ու այլ չափանիշներով առաջնորդվող հասարակություն: Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայում հանրապետության 4 մարզում իրականացվում է համընդհանուր ներառական կրթություն, իսկ եկող տարի նախատեսվում է ևս 2 մարզի և Երևան քաղաքի անցումը ներառման: Միաժամանակ նա շեշտել է, որ համընդհանուր ներառման անցման ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում սոցիալական տարբեր խմբերի` աշակերտների, ծնողների, ուսուցիչների ու դպրոցի տնօրենների միջև: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է համագործակցությունը ինչպես պետական մարմինների, մասնավորապես ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ու միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև:
Աֆշան Խանը ողջունել է Հայաստանի ջանքերը համընդհանուր ներառման անցման ուղղությամբ, միաժամանակ նշելով, որ դպրոցներ կատարած իր այցելությունների ընթացքում արձանագրվել են որոշակի խնդիրներ՝ մասնավորապես այն, որ դպրոցների մի մասում դեռևս բացակայում են շենքային հարմարեցումները;
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներառման գործընթացում ուսուցիչների վերապատրաստման, ուսուցչի օգնականի գործառույթների, հանրապետությունում մանկապարտեզների ցանցի ընդլայնման հետ կապված մի շարք այլ հարցերի:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն