Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանի մակարդակը բարձրացել է. բնապահպանության նախարար

Սեպտեմբեր 28,2018 13:04

Անցյալ տարվա սեպտեմբեր ամսի համեմատ, Սեւանա լճի մակարդակը բարձրացել է երեք սանտիմետրով: Դա նշանակում է, որ Սեւանում այժմ մոտ 40 միլիարդ խորանարդ մետր ավել ջուր կա: Այս ամսին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը`«Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ:

Մոտ մեկ ամսի առաջ կառավարության ներկայացրած նախագիծը`Սեւանից 40 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառի մասով, հանրության շրջանում կրկին անհամաձայնություններ առաջացրեց: Դա է պատճառը, որ ՀՀԿ-ական պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանը նախաձեռնել է այս լսումները: Ի դեպ, երեկ կառավարությունը հաստատել է Սեւանա լճի վերաբերյալ 2019 թվականի գործողությունների ծրագիրը:

«Լճի մակարդակի բարձրացումը այլընտրանք չունի, ջրառները կարող են բերել Սեւանի ճահճացման, մինչդեռ, Սեւանը էկոլոգիական եւ տնտեսական մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի համար»,- իր խոսքում ասաց հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ իր ղեկավարած գերատեսչության նախաձեռնությամբ, երեկվանից մաքսային մարմինները արգելել են 50 մմ ցածր ձկնորսական ցանցերի ներմուծումը Հայաստան։ «Սա շատ կարեւոր կետ եմ համարում, քանի որ ձկան վերականգնման որոշ փուլերում չվերահսկվող որսը բերում է ծավալների անկման»,- ասաց նախարարը։

Էրիկ Գրիգորյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենք ամենօրյա ռեժիմով, տիեզերական պատկերների միջոցով հետեւել են լճում կապտականաչ ջրիմուռների աճին։ Դրանք բավական աճել են. եթե անցած տարի լճի ջրի թափանցիկությունը 14 մետր էր, ապա, այս տարի, ջրիմուռների աճով պայմանավորված, թափանցիկության մակարդակը իջել էր 40-50 սմ։

«Սա բարձր ջերմաստիճանի, գետային հոսող ջրերի պակասի, լիճ թափվող մեծածավալ կեղտաջրերի հետեւանք էր։ Լճի ջրում զգալիորեն ավելացել է նաեւ ֆոսֆորի պարունակությունը, ինչը խիստ բացասական է։ Իրավիճակը շտկելու համար պետք է սահմանափակել կեղտաջրերի մուտքը Սեւանա լիճ: Նաեւ, լճի մոտակայքում տեղակայված կառույցների տնտեսվարողները պետք է նախատեսեն, որ առանց կեղտաջրերի մաքրման համակարգի չեն կարող իրենց գործունեությունը շարունակել»,- ասաց նախարարը: Նա նաեւ հայտարարեց, որ նախատեսվում են լճի ափին տեղակայված որոշ շինությունների քանդման աշխատանքներ։

Նախարարը վստահեցրեց`Սեւանից ավելի մեծ ծավալներով ջրառը իրենց ծրագրերում չկա: Հիշեցրեց`մեկ ամիս առաջ էլ, 40 միլիոնի ջրառի անհրաժեշտությունն առաջացավ Արարատյան դաշտավայրի ոռոգման պատճառով:

Պատասխանելով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին, նախարարն ասաց, որ չկան հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Սեւանի հետ կապված խնդիրների լուծմանը։ Բայց այդ խնդիրների լուծման համար խորհրդարանի աջակցությունն ակնկալում են:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին հետաքրքրում էր`Սեւանի`երեք սանտիմետրով բարձրանալը կառավարելի՞ գործընթաց է: Նախարարը պատասխանեց`մի մասով կառավարելի է եւ դա վերաբերում է Սեւանից ջրառներին, բայց ներկայումս երեք սանտիմետրով ջրի մակարդակի բարձրացումը բնական տեղումների հետ կապված արդյունք է:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին հետաքրքրում էր`2019 թվականին Սեւանի մասով ջրամբարաշինության ծրագրեր նախատեսվո՞ւմ են: Նախարարն ասաց`ջրամբարների կառուցումը ճիշտ է, բայց ոչ պակաս կարեւոր է
ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը: Նախարարությունը ունի մի քանի առաջարկներ։ Նախարարն ասում է`տարբերակներից մեկը կարող է լինել ջրամաբարների կառուցման համար չափանիշների սահմանելը, որը կբերի այդ ոլորտում ներդրումների։ Սակայն, այս մասով, ինքը`նախարարը, մեծ ակնկալիքներ չունի:

Սերգեյ Բագրատյանն, ի դեպ, նշեց, որ տարբերակներ կան եւ շատ ավելի մատչելի գնով կարելի է ջրամբարներ կառուցել, քան ասաց նախարարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930