«Ես հպարտ եմ մեր թիմով»,- ասաց Հայկ Մարությանըՙ ի պատասխան Երեւանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի առիթով հնչած շնորհավորանքների:
Եվ այսպես. կրկին ժողովուրդը բաժանվեց յուրայինների եւ ոչ-յուրայինների: «մենք, մեր թիմը» տասնամյակներ շարունակ շրջանառվող այս արտահայտությունները ժողովուրդն ամեն առիթով նողկանքով մերժել է, որովհետեւ այս բաժանմամբ օտարված է եղել իշխանություններից, իր սեփական երկրում, ամեն իրավունքից զրկված, մտել է «սեփական յուղի մեջ տապակվող» խեղճ ու կրակ թշվառի կերպարի մեջ:
Պետականության հիմքերը սասանող այդ բաժանումը մերժած ժողովուրդը ոտքի ելավ եւ ապրիլի 23-ին տոնեց իր ամենամեծ ու վճռական հաղթանակը քաղաքական բաժանարար գծած եղկելի իշխանություններից : Հպարտ ու աներեր քաղաքացու իր կեցվածքով իրավունքի ուժով ետ վերցրեց իշխելուՙ նախկինների իրավունքը:
Մեծագույն հաղթանակ տոնող հեղափոխական ժողովուրդը հրաշալի գիտակցում էր, որ առջեւում բազմաթիվ մարտահրավերներով լեցուն զարգացումներ են սպասվում: Եվ, բնականաբար, «Հենց հիմա, հենց այստեղ» կարգախոսը դավանող ոմանց սպասելիքները չարդարացան :
Հասարակության այս շերտը ե՛ւ խորհրդային տարիներին, ե՛ւ երրորդ հանրապետության ստեղծման դժվարին ժամանակահատվածում, անկախ պետության կայացման տարիներին, որոնել է միայն իրավիճակային լուծումներՙ ածանցելով դրանք սեփական նեղ շահերին. «լեւի լույս, ֆանտաստիկ վաշխով փող տալ անճարներին, ընտրությունից ընտրություն ընտրակաշառքով բերանը քաղցրացնել, եւ էլի շատ ու շատ բաներ, որոնց մասին անգամ պատկերացում չունենք»: Փաստենք, սակայն, որ հասարակության այդ շերտն էլ մերն է, եւ պետք չէ հրաժարվել, երբեմն անհնարին թվացող, այս զանգվածը կրթելու, վերապրուկներից մաքրելու, սպառողից-պետության քաղաքացի ձեւավորելու ամենաբարդ գործընթացից:
ՄԱՐԻԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում