Հայաստանը կանգնած է քաղաքական համակարգի ձևավորման շեմին, այդ խնդրի առաջ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի տեղի ունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն, և հայաստանյան զարգացումները մտնեն արդեն գերազանցապես ինստիտուցիոնալ դաշտ: Ու թեև թվում է, որ ինչքան շուտ այն տեղի ունենա, այնքան քիչ է խորհրդարանում հայտնվելու մյուս ուժերի շանսը, այդուհանդերձ, կա մի նրբություն: Խորհրդարանում չհայտնվելը այդ ուժերի համար կարող է լինել ավելի հեռանկարային քաղաքական իրողություն, քան խորհրդարանում ներկայումս մնալը: Մնալու պարագայում կա հետևյալ հարցը. իսկ քաղաքական իրականությունը շրջվելո՞ւ է դեպի հետ, և գալո՞ւ է այն համակարգը, որում սովոր էին տեղավորվել և գործել խորհրդարանական ուժերը: Եթե այո, ապա դիմադրելը, խորհրդարանի տեղի «իրավունքը» պահպանելը գուցե և կարող է լինել իմաստավորված: Բայց դա կարող է քաղաքական, կամ թեկուզ խմբային առումով իմաստավորված լինել բացառապես այդ դեպքում, ոչ մի այլ պարագայում: Ըստ այդմ՝ գործնականում բոլոր ուժերը, և յուրաքանչյուրը առանձին-առանձին պետք է թերևս պատասխան տա այդ հարցին՝ իսկ հնարավո՞ր է այդպիսի շրջադարձ: Եվ նաև մեկ այլ հարց՝ իսկ այդպիսի շրջադարձի վրա «խաղադրույք» կատարելու դեպքում ի՞նչ հնարավոր քաղաքական հետևանք կարող է ունենալ վրիպումը: Ակնհայտ է, որ հետևանքը պարզապես սխալ կամ բացթողում չէ, որ կլինի, այլ կունենա բավականին խորքային ազդեցություն տվյալ քաղաքական միավորի հասարակական-քաղաքական ապագայի համար, կամ պարզապես կբացառի այդ ապագան հեռանկարում:
Ըստ այդմ՝ խնդիրը հենց տվյալ դաշտում է և իրականում, քաղաքական պահի խորքային համատեքստում կորստաբերը խորհրդարանի լուծարման հարցում Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության գնալը չէ, որքան էլ հետո բարդ է լինելու անցնել նոր խորհրդարան: Կորստաբերը, իրականում, լինելու է հին խորհրդարանի պահպանության փորձը, որովհետև Հայաստանում քաղաքական գործունեության իրական դաշտը բացվելու է ոչ թե խորհրդարանի լուծարումից հետո մինչև նոր ընտրություն ընկած ժամանակահատվածը՝ լինի այն մի քանի շաբաթ, թե մի քանի ամիս, այլ նոր խորհրդարանի ընտրությունից հետո արդեն հնգամյա ժամանակահատվածում: Եվ ներկայիս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այդ ժամանակահատվածում արդեն խորհրդարանում գտնվող և չգտնվող ուժերը, խոշոր հաշվով, լինելու են առնվազն հավասար պայմաններում, եթե չասենք, որ ինչ-ինչ հանգամանքների բերումով առավելություն կարող են ստանալ նույնիսկ ուժերը, որոնք խորհրդարանում չեն՝ լինի հին, թե նոր:
Բուն խնդիրն այն է, որ Հայաստանի ներքաղաքական իրողությունների ներկան գործնականում զբաղեցված է լիուլի, այն զբաղեցրել է թավշյա հեղափոխության թիմը, և ներկայում տեղի համար պայքարը, այն էլ խորհրդարանի տեղի տեսքով, ըստ էության հավասար կլինի հողմաղացների դեմ պայքարի: Հեռանկարում կշահեն այն ուժերը, որոնք այսօրվանից արդեն ունակ կլինեն նայել փոքր-ինչ ավելի հեռու և բովանդակային պայքար մղել հաջորդ ընտրական փուլի համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում