Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ պատգամավորներն Արթուր Վարդանյանի ազատման համար երաշխավորագիր կներկայացնեն

Սեպտեմբեր 28,2018 11:54

2015թ. Նորք Մարաշում վնասազերծված «զինված խմբի» գործով հերթական դատական նիստում այսօր ներկայացվեց մեղադրյալներից Գեւորգ Ջնդոյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն։ Նրա շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը դատարանին հայտնեց, որ Ջնդոյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի դատաքննությանը, պատշաճ կներկայանա նիստերին։ Արմինե Ֆանյանի խոսքով` նա դրական բնութագիր ունեցող անձ է, մասնակցել է հաշմանդամություն ունեցողների համար կազմակերպված բարեգործական միջոցառումների, նախկինում դատապարտված չի եղել. «Բացի այդ, նա ունի առողջական խնդիրներ` ողնաշարի հիվանդություն, զարկերակային հիպերտենզիա, որի պատճառով ազատվել է զինծառայությունից»:

Այս գործով մեղադրող-դատախազ Արամ Արամյանը միջնորդության դեմ չառարկեց` ասելով, որ կարող է գրավ կիրառվել։ Միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի 15:30-ին։

Այս գործով կալանքի տակ մնացած մեղադրյալները միայն Ջնդոյանը եւ խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանն են։ Վերջինիս պաշտպան Լեւոն Բաղդասարյանը դատարանին հայտնեց, որ 15։30-ին դատարան կներկայանան ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը եւ Հովիկ Աղազարյանը` Արթուր Վարդանյանի ազատ արձակման համար ներկայացնելով պատգամավորական երաշխավորագրեր։

Նկատենք, որ առաջին անգամ է, երբ Վարդանյանի ազատ արձակման համար երաշխավորում են պատգամավորները։ Նախկինում նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվել էր գրավի կիրառման հիմքով, սակայն` մերժվել։ Խմբի մյուս անդամները նախորդ նիստերում արդեն իսկ ազատվել են կալանքից։

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են հանցավոր գործակցություն ձեւավորելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու-փոխադրելու, իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար: Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, նրանք մտադրվել էին խոցել այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը։

 Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930