ՀՀ իշխանությունը որոշել է կարգավորել դիվանագիտական անձնագրերի խնդիրը եւ 254 մարդու զրկել է դիվանագիտական անձնագրերից, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Թեմայի շուրջ զրուցեցինք հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2014 թվականի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի հետ։
– Դուք չունեք դիվանագիտական անձնագիր եւ չեք էլ ունեցել, որքանո՞վ է դա խանգարել Ձեզ, եւ ի՞նչ կլիներ, եթե ունենայիք։
– Ցավով եմ նշում, որ երբեք չեմ ունեցել, քանզի վիզայի ստացման բարդության պատճառով բազմաթիվ շատ լուրջ միջոցառումներից եմ հրաժարվել, զրկվել, քանի որ վիզայի ստացման ժամկետի մեջ չեմ տեղավորվել։ Շատ հաճախ արտասահմանյան հրավերները գալիս են միջոցառումից 14-20 օր առաջ, իսկ այնտեղ չգիտեն, որ հայերիս համար շատ երկրներ մուտքը վիզայով է։ Պետք է հասցնել օր վերցնել դեսպանատանը, հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ այլն, այն ամենը, ինչը շատ լավ նշել էր Հենրիխի ծնողը։ Վերջին շատ լուրջ բացթողումը եղավ այս տարի հունիսին, երբ կանադական վիզա չունենալու եւ չհասցնելու պատճառով (առնվազն, եթե չեմ սխալվում, 3 շաբաթ էր պետք, այն էլ՝ Մոսկվայով) չմասնակցեցի Առաջին գլոբալ հակադոպինգային ֆորումին («First global antidoping forum»), որտեղ ներկայացնելու էի ե՛ւ ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW), ե՛ւ ՀԱՕԿ-ը։ Շատ ցավալի էր։ Պատկերացրեք՝ տարեկան առնվազն 45-55 թռիչք եմ կատարում։ Այսինքն՝ ինչքան նման անձնագրի կարիք կա։ Կրկնում եմ՝ նման մարդկանց այդ անձնագրերը պետք են ոչ թե անձնական հաճույքների եւ խնդիրներ լուծելու համար, այլ իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը լավագույնս եւ անխոչընդոտ իրականացնելու նպատակով, որի արդյունքում միայն շահելու է մեր պետության վարկանիշը, այլ ոչ թե հակառակը։
– Ի՞նչ եք կարծում՝ ԱԳՆ-ն ինչո՞ւ նման որոշում կայացրեց՝ զրկելով Հենրիխ Մխիթարյանին։
– Պատկերացրեք, միայն ես տարեկան առնվազն 45-55 թռիչք եմ կատարում եւ մեծ մասը՝ մասնագիտական։ Այն, որ նման փաստաթղթի կարիքը շատ կա, դա փաստ է։ Բոլորս էլ գիտենք մեր հայկական անձնագրի հնարավորությունները, սակայն կարծում եմ՝ եթե օրենքով նախատեսվածից դուրս որեւէ բնագավառից (ոչ միայն սպորտ) որեւէ մեկին պետք է նման անձնագիր տրվի, ապա դա չպետք է լինի միայն մեկը, այլ բոլոր արժանիները։ Նախորդիվ այդ մասին արդեն խոսել եմ։ Արժանիներ իրոք կան, անուններ էդքան թվարկել, կարծում եմ, ճիշտ չի լինի։ Հարց է առաջանում, թե արդյոք պետությունն իրավունք ունի՞ այդքան դիվանագիտական անձնագրեր բաժանել։ Իսկ Հենրիխին դիվանագիտական անձնագրից զրկելը, խորապես համոզված եմ, կոնկրետ նրա դեմ չի արվել, այլ ուղղակի վերցվել է բոլոր նրանցից, ում օրենքով նախատեսված չի եղել նման անձնագիր։ Եվ ցանկանում եմ, որ դա չազդի նրա գեղեցիկ խաղի որակի վրա։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում