Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հիշյալ հայտարարության համար հայց է ներկայացրել Արթուր Վանեցյանի դեմ՝ հրապարակային հերքման եւ զրպարտության համար փոխհատուցման պահանջով:
Երբ հայտնի դարձավ այդ հայցի մասին, ԱԱԾ տնօրենը որոշեց փոքր-ինչ սրբագրել նախկինում ասածը՝ մասնավորապես անելով այս հայտարարությունը, որը տարածվեց մամուլում եւ համացանցում. «Ես միայն մի ճշտում եմ ուզում անել. մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին: Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում է կատարված»:
Հրա՜շք:
Նախ, ի՞նչ ասել է «մի քիչ արագ խոսելու արդյունք»: Ինչպե՞ս կարելի է, արագ կամ դանդաղ խոսելու արդյունքում կամ հետեւանքով խառնել «կաշառք» եւ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ» կապակցությունը: Մանավանդ ԱԱԾ-ում աշխատանքի որոշակի փորձ ունեցող, այդ կառույցը գլխավորող պրոֆեսիոնալը պետք է տիրապետի իր խոսքին, նաեւ՝ իրավիճակին, թե ինչ է ասում, ում, որտեղ, ինչու: Անկախ նրանից՝ արա՞գ է խոսում, թե՞ դանդաղ, շա՞տ է խոսում, թե՞ քիչ:
Եվ հետո: Տրամաբանորեն ենթադրելի է, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղյակ է իրավունք եւ օրենք հասկացություններին, ինչպես նաեւ՝ անմեղության կանխավարկած ասվածին: Ինչպե՞ս կարող է նման բարձր պաշտոն զբաղեցնող անձնավորությունը, ոտնակոխ անելով անմեղության կանխավարկածը, նման կտրուկ հայտարարություններ անել, օրինակ՝ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ»:
Նա ի՞նչ է, դատական կարգով, ապացուցե՞լ է դա, թե՞ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա, որտեղ նման բնորոշում է տրված: Վայ թե, նույնիսկ մեղադրական եզրակացություն չկա, էլ ուր մնաց՝ դատավճիռ:
Ի դեպ: Արթուր Վանեցյանն ասում է, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը, իրենք (իր ընտանիքը) ոչինչ չունեն: Դա էլ այդպես չէ: Ռոբերտ Քոչարյանը այլ բան ու բաներ է ասել:
Նա, մասնավորապես նշել է. «Դա հերթական անհեթեթությունն է: Ես անձամբ բիզնեսով երբեք չեմ զբաղվել: Իմ ընտանիքի անդամները 15-16 տարի զբաղվում են բիզնեսով, երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, զբաղվում են բիզնեսով եւ որոշակի հաջողությունների հասել են:
Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը, իմ ընտանիքի անդամները, կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով: Բոլորը գրանցված են Հայաստանի Հանրապետության պետռեգիստրում, եւ այստեղ որեւէ գաղտնիք չկա:
Ինչ վերաբերում է, կոնկրետ մեղադրանք կար, չէ՞, «Կոնգրես» հյուրանոցի մասին, ապա հյուրանոցը ձեռք է բերվել 2014-15 թվականներին, ես 6-7 տարի պաշտոնում չէի, ի՞նչ կաշառք կարող է այստեղ լինել:
Ու ամենից հետաքրքիրը, գիտե՞ք, այդ հայտարարությունը անողը մինչեւ ականջները խրված է բիզնեսների մեջ, ԱԱԾ տնօրենը տարբեր բիզնեսների մեջ, իր նախկին պաշտոնում շատ ջերմ հարաբերություններ է ունեցել մի շարք օլիգարխների հետ: Դրանք հայտնի փաստեր են»:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում