Հանրապետական կուսակցությունը նախօրեին երկարատև ընդմիջումից հետո Գործադիր մարմնի նիստ է անցկացրել, որը վարել է Սերժ Սարգսյանը: Նիստի, դրա ընթացքի և ՀՀԿ-ում տիրող մթնոլորտի մասին թերևս շատ բան է ասում այն, որ նիստից հետո լրագրողների հետ հիմնականում խոսել է Գալուստ Սահակյանը: Եվ եթե ՀՀԿ-ն չի գտել այլ խոսնակ, քան Գալուստ Սահակյանը, դա նշանակում է, որ ՀՀԿ-ն չի գտել խոսելու բան, ասելու բան: Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ տևական դադարից հետո Սերժ Սարգսյանի նախագահությամբ անցկացված Գործադիր մարմնի նիստը կուսակցությանն, այսպես ասած, արձակուրդից հետո հավաքելու փոխարեն, ըստ էության՝ ի հայտ է բերել կուսակցության ներսում առկա խառնաշփոթը:
Առերևույթ Հանրապետականն, իհարկե, շարունակում է լինել միասնական, շարունակում է հանդես գալ մեկ դիրքորոշումով, սակայն գործնականում այս կուսակցության ներսում ներկայումս չափազանց բարդ և բազմաբևեռ իրավիճակ է, կամ ավելի շուտ այդ իրավիճակը, որ կար վաղուց, ներկայումս էլ ավելի է խորացել:
Բանն այն է, որ վաղուց առկա այդ բազմաբևեռությունն, ըստ էության, չեզոքացվում կամ խլացվում էր իշխանության հանգամանքով, իշխանությունը պահելու հանգամանքով: Իշխանությունն այլևս չկա: Կա, իհարկե, այն վերադարձնելու խնդիրը, սակայն այստեղ պատկերը շատ ավելի մշուշոտ է, շատ ավելի անորոշ, անհաստատ: Իշխանություն ունենալով՝ այն պահելու, և չունենալով՝ այն ձեռք բերելու հանգամանքները խիստ տարբեր կոնսոլիդացիոն ներուժ են պարունակում, և այս առումով, ներկայիս իրավիճակը բնականորեն ավելի խորացնում է փոխադարձ անվստահությունն ու բաժանարար գծերը:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում