Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում երեկ հրավիրված էր համաժողով՝ «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» խորագրով, որն իրականացվում էր ERASMUS + BOOST («Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության եւ մարքեթինգի խթանում») ծրագրի շրջանակներում:
«Առավոտի» հետ զրույցում կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը տեղեկացրեց, որ ERASMUS + BOOST եռամյա (2016-19թթ.) ծրագրի նպատակն է ազգային եւ ինստիտուցիոնալ քաղաքականության եւ գործիքակազմի մշակման միջոցով ամրապնդել ու խթանել Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացումը: Ասաց նաեւ, որ համաժողովն անցկացվում է երեք հիմնական բաժիններով՝ ա) բարձրագույն կրթության միջազգայնացման ռազմավարական մոտեցումները, բ) բարձրագույն կրթության միջազգայնացման խթանման եւ գրավչության բարձրացման միջոցները, գ) բարձրագույն կրթության միջազգայնացման լավագույն փորձը: Այս նպատակով համաժողովի աշխատանքներին հրավիրված էին ու մասնակցեցին ծրագրի գործընկերները Իսպանիայից, Շվեդիայից, Պորտուգալիայից եւ Էստոնիայից:
Միջազգայնացումը կրթական ծառայությունների մատուցման միջմշակութային գլոբալ հարթություն ինտեգրվելու գործընթաց է: Ըստ էության, սա գործընթաց է՝ ուղղված յուրաքանչյուր բուհի անհատական կարիքների եւ շահերի ադապտացմանը: Եվ այսօր ամբողջ աշխարհում ակտիվորեն ուսումնասիրվում է միջազգայնացումը տարբեր տեսանկյուններից որպես երեւույթ: Ռեկտորը հավելեց նաեւ, որ ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել ու խթանել Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացումը ազգային եւ ինստիտուցիոնալ քաղաքականության գործիքների մշակման միջոցով՝ համաձայն Երեւանի կոմյունիկեի եւ եվրոպական բարձրագույն կրթական տարածքի 2020թ. շարժունության ռազմավարության սկզբունքների: «Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է միջազգայնացման ազգային ռազմավարության մշակում, որը կնպաստի, որպեսզի մեր բարձրագույն կրթության համակարգը դառնա նորարար, հեռանկարային ու բնականաբար՝ միջազգային: Այն կամրապնդի հայաստանյան բուհերի կրթական, վերապատրաստման եւ հետազոտական գործունեությունը՝ համաձայն միջազգային, ներպետական իրավական կանոնակարգման: Ի դեպ, ծրագիրն իրականացվում է ինստիտուցիոնալ, տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում՝ ներառելով ռազմավարական պլանավորման, միջազգային հարաբերությունների կառավարման, կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ սեմինարներ ու վերապատրաստումներ մեր բուհերում»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Համոզված լինելով, որ հայաստանյան բուհերից Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան առաջատարն է արտասահմանցի ուսանողների թվով ու աշխարհագրությամբ, այնուամենայնիվ, կոնսերվատորիայի միջազգային բաժնի աշխատակից Հռիփսիմե Պողոսյանին խնդրեցինք ներկայացնել ստույգ տվյալներ: Վերջինս փաստեց, որ կոնսերվատորիան իսկապես առաջատար է տարբեր երկրներից սովորողների թվով ՝ սովորում են 130 ուսանողներ 16 երկրից, այդ թվում՝ Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Հունաստան, Իրան, Սիրիա, Բելառուս, Վրաստան եւ այլն:
Դիտարկմանը, թե Երեւանի կոնսերվատորիայի համբավը դեռեւս խորհրդային տարիներից տարածված է աշխարհում, մեր կոնսերվատորիայի շրջանավարտները մշտապես եւ այսօր էլ ցանկալի հյուր են հեղինակավոր նվագախմբերի, օպերային թատրոնների եւ, ինչու ոչ՝ դահլիճների համար, գուցե նման միջոցառում առաջինը անցկացվեր հայաստանյան մշակութային այլ բուհերում, Հովհաննես Հովհաննիսյանի պատասխանը հակիրճ էր. «Իհարկե, նախատեսված է «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» խորագրով համաժողովներ անցկացնել հայաստանյան մշակութային այլ բուհերում նույնպես»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Շահեն Շահինյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:
«Առավոտ»
28.09.2018