Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծվանիկի պոչամբարը կփակվի

Սեպտեմբեր 28,2018 10:38

Օրերս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր Արծվանիկի պոչամբարի վերաբերյալ ընկերության գրությունը՝ ուղղված ՀՀ բնապահպանության նախարարին։ Մանրամասներ ստանալու նպատակով դիմել ենք ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին։

– Պարոն Պոլոսկով, կոմբինատի կողմից բնապահպանության նախարարին հասցեագրված գրության մեջ ասվում է, որ ցանկանում եք փակել Արծվանիկի պոչամբարը։ Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել։

– Այո, չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը, իր ընդերքօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն, մինչեւ Արծվանիկի պոչամբարի շահագործման դադարեցումը դեռ ունի բավականաչափ ժամանակ նոր նախագիծ մշակելու եւ այն հաստատման ներկայացնելու համար, հաշվի առնելով մեր շահառուների որոշակի անհանգստությունները, ինչպես նաեւ այն, որ պրոդուկտիվ աշխատանքի շնորհիվ արդեն իսկ հաջողվել է գտնել ալտերնատիվ լուծում, մենք մտադրված ենք կառավարության եւ շահագրգիռ հանրության հետ երկխոսության միջոցով հնարավորինս շուտ լուծել խնդիրը՝ փակելով Արծվանիկի պոչամբարը նախատեսվածից վաղ փուլում։

– Իսկ ինչո՞վ է առանձնահատուկ նշված ալտերնատիվ լուծումը, եւ որո՞նք են դրա առավելությունները՝ շահառուների տեսակետից։

– Ինչպես հայտնի է, Արծվանիկի պոչամբարը նախագծվել եւ շահագործման է հանձնվել դեռեւս խորհրդային տարիներին։ Բնական է, որ այն ժամանակներից շատ բան է փոխվել թե՛ բնապահպանական ու անվտանգության չափանիշների եւ թե՛ տեխնոլոգիաների առումով: Պետք է նշել, որ նոր պոչամբարի նախագիծը նախատեսվում է մշակել՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը, բնապահպանական եւ անվտանգության բարձր ստանդարտները: Այդ ճանապարհին կատարված առաջին քայլը ընկերության հանձնարարությամբ ոլորտի միջազգային առաջատարներից մեկը հանդիսացող բրիտանական «SRK Consulting» ընկերության կողմից նախնական հետազոտությունների իրականացումը եւ առաջարկությունների ներկայացումն էր:

– Արծվանիկի պոչամբարի շուրջ դժգոհությունները կապված են մեծամասամբ բնապահպանական խնդիրների հետ։ Ի՞նչ առավելություն է ունենալու նոր պոչամբարը այս տեսակետից։

– Առաջին եւ ամենակարեւոր առավելությունն այն է, որ հնարավորություն է ստեղծվում ունենալ ջրի ամբողջական շրջանառու համակարգ, ինչն իր հերթին բացառում է պոչամբարի մաքրված ջրերի արտահոսքը դեպի ջրային ավազան. փոխարենը ջուրը կվերադարձվի գործարան՝ կրկնակի օգտագործման նպատակով։ Սա նաեւ զգալիորեն նվազեցնելու է արտադրական գործառնությունների իրականացման նպատակով բնական աղբյուրներից վերցվող ջրի ծավալը:

Նախատեսվում է նաեւ նոր պոչամբարը տեղակայել բնակավայրերից հեռու՝ կոմբինատի մերձակայքում:

Պետք է նաեւ նշել, որ այս բարեփոխումները կապված են մեծ ծավալի ներդրումների հետ, որոնք ընկերությունը պատրաստ է կատարել մոտ ապագայում։ Միաժամանակ ավելանալու են նաեւ օպերատիվ ծախսերը, սակայն, հաշվի առնելով շահառուների հետաքրքրվածությունը այս գործընթացում, մենք պատրաստ ենք կրելու այդ լրացուցիչ պարտավորությունները՝ հնարավորինս շուտ կյանքի կոչելով նախագիծը:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

28.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930