Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ մարդը գլխավորում է գերազանցապես «անվստահելի՛ ձայներով» ուժերից կազմված կառավարություն. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 28,2018 10:31

Արդեն երեւի երկրորդ անգամն է, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անհասկանալի է, թե ում հուզելու նպատակով, հայտարարում է, թե վարչապետ ընտրվելիս ինքն Ազգային ժողովում ընդամենը երեք վստահելի ձայն ուներ, չհաշված՝ իրենը:

Մի անգամ նա դրա մասին խոսեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի օրերին: Ըստ որում՝ այդ հայտարարությանը գրեթե անմիջապես էլ հաջորդեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանի արձագանքը, որով նա, ավագ ընկերոջ հանդիմանական տոնայնությամբ, քննադատեց Նիկոլ Փաշինյանին նման բան ասելու համար: Մանավանդ իր հետ քաղաքական ճանապարհ անցած անձանց հասցեին նման կերպ արտահայտվելու համար:

Սակայն արի ու տես, որ դրանից հաշված օրեր անց, Նիկոլ Փաշինյանը, գրեթե նույնությամբ, կրկնեց «վստահելի» երեք-չորս ձայնի մասին իր պատումը: Այն էլ ոչ այլ տեղ, քան՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս:

Նիկոլ Փաշինյանը, առավել քան թափանցիկ ակնարկում է, թե իր համար վստահելի են բացառապես իր «Քաղպայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ ելքական պատգամավորները, եւ՝ ոչ մի դեպքում նշված դաշինքն ու խմբակցությունը կազմած մյուս կուսակցությունների ներկայացուցիչները, ներառյալ՝ Արամ Սարգսյանը եւ Էդմոն Մարուքյանը:

Կարճ ասած, նա, հավանաբար, ակնարկում է, որ՝ մոռացե՛ք, ոչ մի «Ելք» դաշինք էլ փաստորեն գոյություն չունի, դուք՝ ձեզ համար, ես՝ իմ: Դրանից հետո, թերեւս, մնում է անցնել «Ելք» դաշինքի քաղաքական ապահարզանը ձեւակերպելուն:

Այստեղ, սակայն, ծագում են այլ հարցեր, որպես նման զարգացման անխուսափելի «կողմնակի հետեւանքներ»:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ներկայիս կառավարությունը կազմված է նրան վարչապետ առաջադրած ուժերի ներկայացուցիչներից՝ «Ելքի», ըստ որում, թե՛ «Հանրապետության», թե՛ «Լուսավոր Հայաստանի, թե՛ ՔՊ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի: Ու ստացվում է, որ մարդը գլխավորում է գերազանցապես «անվստահելի՛ ձայներով» ուժերից կազմված կառավարություն, որին, չգիտես ինչու, պատկերավոր նաեւ «համաձայնության կառավարություն» են բնորոշում:

Ի՞նչ «համաձայնություն», երբ վարչապետի «վստահելի ձայներն» ընդամենը երեքն են, չհաշված՝ իրենը: Այսինքն, դա կարելի է ինչ-որ առումով ընկալել նաեւ որպես այս «ժամանակավոր կառավարությանը» հատկացված ժամանակի վերջին ժամերի խիստ մոտ լինելու ակնարկ, ԱԺ արտահերթ ընտրություններն արագացնելու թեման «տաքացնելուն» զուգահեռ:
Ի դեպ, շատ հնարավոր է, որ իրենից բացի, մնացյալ երեք ձայնն էլ են արդեն անվստահելի (ի՞նչ իմանաս):

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930