Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Քոչարյան. «Առանց հիմքի չենք պատրաստվում որևէ մեկին փռելու ասֆալտին». «Իրատես»

Սեպտեմբեր 28,2018 10:24

ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումից հետո Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետին հրահանգեց օլիգարխներին ու նրանց թիկնապահներին «փռել ասֆալտներին», հետո ավելի կոշտացրեց առաջարկվող պատիժը՝ պատերին տալ։ «Այս երեխաները Հայաստանում հեղափոխություն են արել, և մենք ոչ միայն ասֆալտին կփռենք, այլ նաև պատերով կտանք ցանկացած մեկի, ով կհամարձակվի այս երեխաների հաղթանակը նրանց ձեռքից խլել»,- հայտարարեց վարչապետը, դրան հետևեցին ասֆալտին փռվածների մասսայական տեսարանները, ու ի՞նչ։ Ի՞նչ հարց լուծեց Փաշինյանը «պատերին տալով» ու «ասֆալտին փռելով», դժվար է ասել։ Իսկ ոստիկանությանն այլ բան չէր մնում, քան ուղիղ հասկանալ ասվածն ու կատարել վարչապետի հրահանգը։ Իհարկե, լավ ենք պրծել, որ պատերին տալու տեսարաններ չեն եղել ու չեն տեսագրվել, այլապես պատկերացնու՞մ եք` ինչ սարսափ ֆիլմ կստացվեր։

Փոխոստիկանապետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ու՞ր են հասել ոստիկաներն ասֆալտ փռելու օպերացիայում։

-«Ասֆալտին փռելը» հրապարակային խոսք էր,- ասաց փոխոստիկանապետը։- Ոստիկանությունն ասֆալտին փռելու հրահանգն ուղիղ չի հասկացել։ Մենք ասվածը հասկացել ենք այլ կերպ՝ ուժեղացնել զենքի ապօրինի շրջանառության վերահսկողությունն այն անձանց շրջանակում, որոնք հանցագործությունների պոտենցիալ հակվածություն ունեն և նախկինում էլ աչքի են ընկել հակաիրավական արարքներ կատարելով։ Ասֆալտին փռելը ոստիկանությունն ավելի ճիշտ է հասկացել, քան հասարակության մի մասը։

-Հիմա շարունակվու՞մ է այդ օպերացիան, և ընդհանրապես, առանց հիմքի որևէ մեկին հնարավո՞ր է ասֆալտին փռել։

-Առանց հիմքի չենք պատրաստվում որևէ մեկին փռելու ասֆալտին։ Հիմքերը կասկածներն են, որոնք շատ դեպքերում օպերատիվ բնույթի են և մինչև միջոցառում անցկացնելը հրապարակման ենթակա չեն։ Այսինքն, օպերատիվ տեղեկությունների ստուգման ձև գոյություն ունի, որը ոստիկանությունը կիրառում է, ու միշտ չէ, որ դա բացահայտ քննչական գործողություններով է արվում։ Երբ դրանում ներգրավվում են հատուկ նշանակության ջոկատի տղաները, մի տեսակ միստիկ բովանդակություն է ստանում միջոցառումը և տարատեսակ մեկնաբանությունների առիթ տալիս։ Այնինչ ոստիկանությունն ավելի ակտիվ է աշխատում, հանցավորությունը զսպելու ուղղությամբ ավելի գործուն միջոցներ է ձեռնարկում։

-«Ավելի» բառը ենթադրում է, որ նախկինում պակա՞ս արդյունավետությամբ էր ոստիկանությունն աշխատում։

-Նկատի ունեմ գործելակերպի փոփոխությունները, որոնք թույլ կտան ոստիկանությանն ավելի լավ արդյունքի հասնել։ Արդյունքի հասնելու տարբեր ձևեր կան, գործելակերպում որոշակի փոփոխություններ են կատարվել։ Ավելի շատ ժամանակ է տրվում օպերատիվ տվյալների ստուգմանը, որովհետև երկրում կայուն վիճակ է, իրավակարգի սպառնալիքներ չկան, ոստիկանությունը ծանրաբեռնված չէ հասարակական կարգը պահպանող զանգվածային միջոցառումներով, ինչպես նախկինում էր։ Սա հնարավորություն է տալիս մեր ուժերն ու միջոցներն ավելի թիրախային օգտագործելու։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930