Օդեսայի հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից հրապարակում, որը ևս կրում է Լուսավորչի պայծառ անունը, հանդիսավոր ու գեղեցիկ նշվեց Անկախության 27-րդ տարեդարձը։
Մշակույթի տան տնօրեն Աննա Գևորգյանի նախաձեռնությամբ ու համայնքի ղեկավարության աջակցությամբ կազմակերպվել էր բացօթյա համերգ-հանդիսություն, որին ներկա էին օդեսահայերի հոգևոր հովիվը և եկեղեցական վարչության անդամները, մեծարգո ու պատվավոր հյուրերը՝ տարբեր կրոնական դավանանքների առաջնորդներ, բարձրաստիճան հոգևորականներ, քաղաքային և մարզային իշխանությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ,կրթական բարձրագույն հաստատությունների ռեկտորներ, հեռուստաընկերությունների թղթակիցներ, լրագրողներ, մեծաթիվ օդեսահայեր։ Տոնական միջոցառմանը կամա թե ակամա ունկնդիր և ականատես եղան շրջակայքում բնակվողներն ու անցուդարձողները։
Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության դրոշների ծփանքի ներքո հնչեցին երկու երկրների օրհներգերը։ Կատարում էր սիմֆոնիկ համույթը, որը ղեկավարում էր Օդեսայի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, միջազգային մրցույթների դափնեկիր Վիտալի Կովալչուկը։ Նրան ձայնակցում էին մշակույթի տան «Արևիկ» նախակրթարանի սաները՝ տոնին վայելուչ պահվածքով ու համահունչ հանդերձներով։
Այնուհետև, աղոթք առաքելով առ Ամենազոր Աստված և երկնային օրհնություն մաղթելով երկու երկրներին՝ Տեր Աբգար քահանա Գըլըճյանն իր խորին ակնածանքը հայտնեց պատվարժան հյուրերին, բոլորին, ովքեր օդեսահայության հետ տոնում են անկախության տարեդարձը և ըմբոշխնում նրա բերկրանքը։
Ողջունելով ներկաներին, համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանը ևս սրտագին խոսքերով դիմեց հյուրերին, ովքեր իրենց «մասնակցությամբ բարձր են գնահատում այս իրադարձությունների դերը և ցուցաբերում իրենց բարյացակամ վերաբերմունքը օդեսահայության հանդեպ», և հավելեց․
-Այսօր մեր ժողովրդի սխրանքի տոնն է, որի խորհրդանիշը մեր սուրբ եռագույնն է, օգտվելով տոնի ուրախ առիթից՝ սրտանց մաղթում եմ՝ խաղաղություն իջնի մեր ցասկոտ հոգիներին, որ անկախության տոները վերածվեն սիրո և բարեկամության տոնակատարությունների, որ հաշտություն և խաղաղության շունչը թևածի խորհրդային նախկին հանրապետությունների միջև, որ նրանք ծաղկեն, բարգավաճեն և ի զորու լինեն իրենց ժողովուրդներին ապահովել բարեկեցիկ կյանք ․․․
Այսօրվա հանդիսավոր իրադարձության առթիվ հայ ժողովրդին և մարզի բազմաքանակ օդեսահայությանը շնորհավորական խոսքեր հղեցին բարձրաստիճան հոգևորականները, նշելով, որ մեր դրախտավայր երկրի նմանակությամբ, որը առաջինն է քրիստոնեական աշխարհում, ծովափնյա այս բարձունքը վերածվել է մի փոքրիկ դրախտային Հայաստանի։ Նրանք իրենց ելույթներում ընդգծեցին, որ Օդեսան էլ առաջին քաղաքն էր հետխորհրդային տարածությունում, ուր հայրենիքի սահմաններից դուրս հառնեց սուրբ տաճարը, իսկ իրենց համար մեծ պատիվ է մի մասնիկը լինելու հայ ժողովրդի համազգային մեծ տոնի։
Շնորհավորանքի իր խոսքում օդեսահայերի մեծ բարեկամ, Ուկրաինայի Գերագույն խորհրդի պատգամավոր, իրավաբանական ակադեմիայի պրեզիդենտ, ճանաչված հասարակական և քաղաքական գործիչ Սերգեյ Կիվալովն այսպես արտահայտվեց․«Անտարակույս, շնորհիվ նվիրյալ հայերի՝ քաղաքի այս գեղատեսիլ տարածքը դարձել է ազգային նկարագրի պահպանման, հայության հոգևոր ու մշակութային զարգացման կենտրոն։ Նրանցից է համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանը, ով նշանակալի ավանդ ունի նաև մարզի ու քաղաքի բարգավաճման, առաջընթացի, ազգերի միջև բարեկամական հարաբերություների հաստատման գործում և հեղինակավոր ձայն՝ տարածաշրջանի հասարակական -քաղաքական կյանքում։ Պատահական չէր, որ շահելով օդեսացիների վստահությունը՝ քաղաքի ծննդյան օրը նա արժանացավ «Օդեսայի պատվավոր քաղաքացի» վեհ կոչմանը, որի համար սրտագին շնորհավորում եմ», -ավարտեց իր խոսքը պարոն Կիվալովը։
Հանդիսության շարունակությունը եղավ դասական երաժշտության համերգը, որը մատուցեց սիմֆոնիկ համույթը․ հաճույքով ու խանդավառությամբ ունկնդրեցինք հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Օպերային երգչուհի Գայանե Հարությունյանի շուրթերից, «որպես աղոթք», հնչեց «Էրեբունի-Երևան» օրհներգը, և ճախրեց «Ծիծեռնակ»-ը՝ «հայրենի կտուրի տակ հյուսելու իր բույնը»։ Տպավորիչ ու հուզումնալից էր մեներգչուհու կատարումը․ այն հուշում էր՝ ինքն է այդ ծիծեռնակը, ում համար հայրենի կտուրը սուրբ տաճարի կամարներն են, իսկ հայրենի տունը՝ հայ համայնքի մշակույթի օջախը։
Հաճելի անակնկալ էր իրավաբանական հաստատության ուսանողների ելույթը․հնչեցին ծովափնյա Օդեսային ձոնված՝ «У Чёрного моря» և «Солнечный город» հանրահայտ երգերը։
Հանդիսությունը համեմվեց հայ բանաստեղծների հայրենաշունչ քերթվածքներով․ասմունքեց հաղորդավարուհի Ազգանուշ Վարդանյանը։
Ելույթները արժանացան ունկնդիրների բուռն ծափահարություններին ու հիացական գնահատականին։
Այս գեղեցիկ տոնակատարությունը հայրենիքից դուրս հայի ու Հայաստանի լինելիության վկայությունն էր։
Նարինե ՄՈՒՐԱԴՅԱՆ